Հայաստանում և Ադրբեջանում ստեղծված իրադրությունը մի շարք այլ խնդիրների հետ միասին ընդգրկված է եղել ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների` Լյուքսեմբուրգում կայացած երկօրյա հանդիպման օրակարգում: Ինչպես նշում է «Ազատություն» ռադիոկայանը` այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
«Քննարկել ենք նաև հարաբերությունները մեր արևելյան գործընկերների հետ: Մասնավորաբար, լուրջ ուշադրություն ենք դարձրել Բելառուսում վերջերս տեղի ունեցած հուսադրող իրադարձություններին: Գիտեք, որ այնտեղ օգոստոսի 22-ին ազատ են արձակվել մի շարք [քաղաքական] բանտարկյալներ: Անդրադարձել ենք նաև Վրաստանում ու Մոլդովայում ծավալվող զարգացումներին, ուշադրություն ենք դարձրել նաև Ադրբեջանում և Հայաստանում տեղի ունեցող դեպքերին», - հայտարարել է Մոգերինին:
Եվրամիության գերագույն հանձնակատարը, սակայն, այդպես էլ չի հստակեցրել, թե Հայաստանին կամ Ադրբեջանին վերաբերող հատկապես որ հարցերն են քննարկվել Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդակցության ժամանակ: Մոգերինիի խոսքով, օրակարգի առանցքային թեմաներն են եղել փախստականների աննախադեպ հոսքը դեպի Կենտրոնական և Արևմտյան Եվրոպա, ինչպես նաև Եվրամիության հարաբերությունները Ռուսաստանի հետ:
«Երեկ մենք բավական լավ քննարկում ունեցանք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների վերաբերյալ: Երբ Ռուսաստանի հետ մեր քննարկումները վերաբերում են փախստականների հետ կապված իրավիճակին, Մերձավոր Արևելքում առկա խնդիրների կարգավորմանը, Իրանի միջուկային ծրագրին, կարող ենք արձանագրել, այդ շփումները կառուցողական են: Դրա հետ մեկտեղ, մենք չպետք է մոռանանք, որ Եվրամիության արևելյան հարևանները որոշ դեպքերում բավական լուրջ դժվարությունների են բախվում Ռուսաստանի հետ հարաբերություններում: Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա մենք մեկ անգամ ևս վերահաստատեցինք մեր հավատարմությունը Մինսկի համաձայնագրերի ամբողջական կատարմանը», - նշել է Մոգերինին` հավելելով, սակայն, որ Լյուքսեմբուրգում կայացած քննարկումների մեծ մասը վերաբերել է փախստականների ճգնաժամին: