Թուրքիայում տիրող իրավիճակը բավական նման է 100 տարի առաջվա վիճակին: «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:
«Թուրքիան չի փոխել իր ձեռագիրը: Տարբեր պատրվակների ներքո թուրքական իշխանությունն իրականացնում է իր համար գլոբալ, չմոռացված խնդիրների լուծում բնիկ ժողովուրդների, առաջին հերթին՝ քրդերի դեմ: Մյուս կողմից էլ սա ներքին իշխանական հաշվարկին ծառայող գործողություն է: Ի՞նչ է փոխվել 100 տարի անց: Այն, որ թուրքերն ավելի լավ են քողարկում իրենց գործողությունները, որի վառ ապացույցն անվտանգության գոտիների ստեղծումն է», - նշեց Բեքարյանն` ընդգծելով, որ իշխանությունների պահվածքի արդյունքում մենք ականատես ենք լինում ազգայնականների ծայրահեղ գործողություններին Թուրքիայի գրեթե ողջ տարածքում, դատական գործընթացների միջոցով նպատակաուղղված արշավ է իրականացվում քրդական էլիտայի դեմ: Ինչպես և 100 տարի առաջ, միջազգային հանրությունը հիմնականում աչք է փակում տիրող իրավիճակի վրա:
Անդրադառնալով այս իրավիճակում ՀՀ հնարավոր գործողություններին կամ հնարավոր ակտիվացմանը` փորձագետը նշեց, որ մենք բարոյական պարտք ունենք: «Որպես պետություն, որն իր անկախ պետությունը ստեղծելու համար 100 տարի առաջ անցել է այս ամենի միջով, այս մասին միջազգային ատյաններում բարձրաձայնելը և անգամ մեկ կյանք փրկելը ՀՀ-ի համար բարոյական պարտքի խնդիր է: Վերջապես, մենք պետություն ենք, որի քաղաքացիների շարքում նաև քրդեր կան, և մենք չենք կարող պասիվ արձագանքել քրդերի նկատմամբ իրականացվող վայրագություններին»,- եզրափակեց Բեքարյանը: