Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում̦ որը սրբատեղի է համարվում ինչպես մուսուլմանների̦ այնպես էլ հրեաների համար̦ բախումներ են տեղի ունեցել պաղեստինցիների և Իսրայելի ոստիկանության միջև: Պաղեստինյան կողմը պնդում է̦ որ իսրայելական ուժերը ներխուժել են մզկիթ և այնտեղ հավաքված մուսուլմանների դեմ նռնակներ, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ կիրառել̦ հայտնում է Euronews-ը: Իսկ Իսրայելական ոստիկանությունն էլ ասում է̦ որ բախումները սկսվել են այն բանից հետո̦ երբ ոստիկանները փորձել են ձերբակալել մի խումբ պաղեստինցի երիտասարդների̦ որոնց մոտ կասկածելի առարկաներ են հայտնաբերվել:
Նշենք̦ որ հրեաներն այսօր տոնում են իրենց Նոր Տարին̦ և ավանդության համաձայն, այս օրը այցելում են Ալ-Աքսա մզկիթ: Իսրայելական ոստիկանությունն իր գործողությունները բացատրում է այցելուների անվտանգությունը պաշտպանելու անհրաժեշտությամբ: Ինչպես նշում է РИА Новости-ն̦ նախորդ շաբաթ Իսրայելի պաշտպանության նախարարն օրենքից դուրս հայտարարեց տեղի երկու մուսուլմանական համայնքների` նրանց անվանելով լարվածությունը սրող գլխավոր գործոններ:
Պաղեստինցիների կողմից այս քայլն ընկալվեց որպես Ալ-Աքսայի ստատուս-քվոն վերանայելու փորձ: «Մենք ահաբեկիչներ չենք: Մենք պաշտպանում ենք մզկիթը»̦ - AFP-ին ասել է պաղեստինցի ցուցարարներից մեկը:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է̦ որ Ալ-Աքսայի ստատուս-քվոն վերանայման ենթակա չէ̦ սակայն օրենքը խախտելու ցանկացած փորձ կանխվելու է: Նշենք̦ որ Ալ-Աքսայում ոչ մուսուլմանական ծիսակատարությունների անցկացումը և հրեական պետության ատրիբուտների ցուցադրությունն արգելված են, թեև հրեաները մզկիթ այցելելու իրավունք ունեն:
Պաղեստինյան ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է̦ որ «Երուսաղեմի քրիստոնեական և մուսուլմանական սրբատեղիների վրա հարձակումը հատում է կարմիր գիծը̦ և պաղեստինցիները մտադիր չեն ձեռքերը ծալած նստել»: Եգիպտոսը̦ Հորդանանը̦ Սաուդյան Արաբիան և այլ արաբական երկրներ Իսրայելից պահանջել են դադարեցնել սադրանքները և բռնություն չհրահրել:
Նշենք̦ որ Իսրայելը 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ժամանակ բռնակցեց Արևելյան Երուսաղեմը̦ իսկ ավելի ուշ Երուսաղեմ քաղաքը հայտարարեց իր մայրաքաղաքը: Սակայն միջազգային հանրությունը չի ճանաչում քաղաքի բռնակցումն Իսրայելին:
Հիշեցնենք̦ որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնած պաղեստինա-իսրայելական բանակցությունների վերջին փուլը 2014 թվականին տապալվեց առանց որևէ առաջընթաց գրանցելու: Վերջերս Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարեց̦ որ պատրաստ է ցանկացած պահի ցանկացած վայրում բանակցություններ սկսել պաղեստինյան ինքնավարության հետ: Սակայն հաշվի առնելով Մերձավոր Արևելքում սաստկացող նորանոր հակամարտությունները` առաջիկայում պաղեստինա-իսրայելական հակամարտության դրական տեղաշարժեր չեն ակնկալվում: