Այսօր եվրոպական նախարարները Բրյուսելում արտահերթ բանակցություններ են անցկացրել անօրինական միգրացիայի հետ կապված հարցերով, ինչի պատճառ են հանդիսացել անցյալ գիշեր Գերմանիայի կողմից վերսկսված սահմանային ստուգումները:
Բանն այն է, որ Բավարիայի ոստիկանությունը կանգնեցրել է Ավստրիայից եկող բոլոր գնացքները` թույլ տալով սահմանն անցնել միայն նրանց, ովքեր ունեին «համապատասխան ճամփորդական փաստաթղթեր»: Արդյունքում կալանավորվել են մոտ 30 մաքսանենգներ և 90 փախստականներ:
Գերմանիայի կողմից սահմանային ստուգումների վերսկսումը սպառնում է քայքայել Շենգենյան համակարգը, որը թույլ է տալիս ազատ ճանապարհորդություն ԵՄ անդամ երկրների միջև: Սակայն ժամանակավոր որոշակի սահմանային ստուգումներ շենգենյան փաստաթուղթն այնուամենայնիվ չի բացառում:
«Այս միջոցառումների նպատակը դեպի Գերմանիա անօրինական միգրանտների ներհոսքի սահմանափակումն է եղել, ինչպես նաև ունեցել է մի շարք անվտանգության նկատառումներ», - հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեյզերը՝ հավելելով, որ առաջնահերթ հենց Ավստրիայի հետ սահմանն է իրենց ուշադրության կենտրոնում լինելու:
«Գերմանիան միշտ էլ ցույց է տվել, որ պատրաստ է օգնել փախստականներին, սակայն պետք է վերջապես արդար բաշխում լինի ամբողջ Եվրոպայով մեկ: Սահմանային վերահսկումը չի կարող լուծել բոլոր խնդիրները», - նշել է Մեյզերը:
Ինչպես և սպասվում էր, առաջին մարդը, որ ողջունել է սահմանային ստուգումներ անցկացնելու Գերմանիայի նախաձեռնությունը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն է եղել, ով, հիշեցնենք, ակտիվ կերպով պատ է կառուցում Սերբիայի հետ սահմանի վրա` հակամիգրանտային քաղաքականությունից ելնելով:
«Մենք ավելի քան որևէ մեկը հասկանում ենք Գերմանիայի ընդունած որոշումը: Այս միջոցառումն անհրաժեշտ էր թե’ գերմանական և թե’ ընդհանրապես եվրոպական արժեքները պաշտպանելու համար», - հայտնել է Օրբանը՝ հավելելով, որ Արևելյան Եվրոպայի մի քանի այլ առաջնորդների հետ միասին ամեն գնով մերժելու է միգրանտների քվոտավորման Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի ծրագիրը:
Հիշեցնենք, որ ծրագիրն իրենից ենթադրում էր 160,000 փախստականի ընդունում և ապաստանի տրամադրում ԵՄ բոլոր 28 երկրներում, որտեղ և միգրանտները պետք է բաշխվեին` կախված տվյալ երկրի չափերից և կամ բարեկեցության մակարդակից:
Ամեն դեպքում, անկախ այն բանից, արդյոք Եվրոպան վերջապես կիրագործի այդ ծրագիրը, թե այնուամենայնիվ կմերժի այն, խիստ կարևոր է, որ ցանկացած որոշման դեպքում ԵՄ անդամները փորձեն համերաշխություն ցուցաբերել և միասին ընդհանուր հայտարարի գալ, քանի որ ներկա դրությամբ կարելի է թերևս արձանագրել, որ միասնության պակասը ԵՄ պարագայում շատ ավելի մեծ մարտահրավեր է, քան միգրացիոն ճգնաժամը: