«Charlie Hebdo» կոչվող ֆրանսիական հայտնի երգիծական ամսագիրը, որը ճանաչված է աշխարհում իր բազմապիսի զավեշտներով, այս անգամ, կարծես թե, չափն անցել է` հրապարակելով սիրիացի փոքրիկ փախստական Այլան Քուդրիի ծաղրանկարը, ում անշնչացած մարմինը փռված է Միջերկրականի ափին` դեմքը ջրի վրա:
Տղայի հայրը մեկ օրվա ընթացքում նավի խորտակման հետևանքով կորցրել է ամբողջ ընտանիքը` կնոջն ու երկու որդիներին: Այժմ նա ամենևին մտադիր չէ Սիրիայից գաղթել դեպի Եվրոպա, քանի որ միայն հանուն զոհված երեխաների և կնոջ էր ձգտում այնտեղ հասնել:
Բրիտանացի փաստաբան Փիթեր Հերբերտն անվանել է ամսագիրը «ռասիստական, քսենոֆոբիական, ինչն արտացոլում է Ֆրանսիայի բարոյական անկումը»: Փաստաբանը մտադիր է հայց ներկայացնել ամսագրի դեմ` Միջազգային քրեական դատարանին, քանի որ այն անհանդուրժողականության և օտարատյացություն է սերմանում հասարակության մեջ:
Ինտերնետ-օգտատերերը ևս անմիջապես արձագանքել են ամսագրի ծաղրանկարներին` սուր քննադատության ենթարկելով դրանց բովանդակությունն ու ցինիզմի աստիճանը:
Հիշեցնենք, որ սրանից ամիսներ առաջ նույն «Charlie Hebdo»-ն ահաբեկչական ակտի էր ենթարկվել, երբ մահմեդական արմատականները Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարն ամսագրում տեսնելուց հետո զինված ներխուժել էին խմբագրություն և սպանել ամսագրի 12 աշխատակցի:
Նշենք, որ ամսագրի քաղաքականությունը հիմնված է այն սկզբունքի վրա, որ այստեղ ընդհանրապես չկան տաբուներ և կարելի է կատակել ցանկացած թեմայի շուրջ` անգամ ամենավիրավորական ու ցավոտ թեմաների: «Charlie Hebdo»-ի տարբեր ժամանակների հերոսներից են եղել անգամ Հռոմի Պապը և բազմաթիվ երկրների ղեկավարներ: