Ինչպես մուսուլմանների, այնպես էլ հրեաների համար սրբատեղի համարվող Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում պաղեստինցիների և Իսրայելի ոստիկանության միջև բախումների ֆոնին Պաղեստինի ազգային ինքվարության նախագահ Մահմուդ Աբասը հարցազրույց է տվել Լոնդոնում լույս տեսնող «Ալ-Կուդս Ալ-Արաբի» թերթին: Newsru.co. il կայքը նշում է, որ Աբասը մեղադրել է Իսրայելի իշխանություններին հրեաների և մուսուլմանների միջև Ալ-Աքսա մզկիթը բաժանելու փորձեր ձեռնարկելու մեջ: Նա անընդունելի է համարել նման փորձերն` ընդգծելով, որ Երուսաղեմի հարցում պաղեստինցիները մտադիր չեն որևէ զիջման գնալ: Նա հայտարարել է, որ պաղեստինցիները երբեք չեն հեռանա Երուսաղեմից և չեն լքի մուսուլմանների համար սուրբ համարվող վայրերը:
Աբասը նաև անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնած պաղեստինա-իսրայելական բանակցություններին, որոնք 2014 թվականին տապալվեցին՝ առանց որևէ առաջընթաց գրանցելու: Պաղեստինի ղեկավարի կարծիքով բանակցությունների տապալման գլխավոր պատճառն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի պահանջն է ճանաչել Իսրայելը՝ որպես հրեական պետություն: «Եթե Իսրայելը հրեական պետություն է, ապա ոչ ոք թող չզարմանա, եթե Գազայում բախվի «Իսլամաական պետությանը»», - հայտարարել է Աբասը:
Պաղեստինյան ինքնավարության ղեկավարի կարծիքով Իսրայելը, գործելով ԱՄՆ-ի հովանավորության ներքո, հետևողականորեն փորձում է արդյունավետությունից զրկել պաղեստինցիների հետ կնքած բոլոր համաձայնագրերը: Նա նաև նշել է, որ արաբական երկրները չափազանց շատ խնդիրներ ունեն պաղեստինցիներին արդյունավետ աջակցություն տրամադրելու համար:
Աբասը նաև հայտնել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նիստում իր ելույթը նվիրված է լինելու պաղետինցիների հուսահատ վիճակին: «Իսկ ելույթի վերջում ես իսկական ռումբ կպայթեցնեմ», - հայտարարել է Պաղեստինյան ինքնավարության նախագահը:
Մահմուդ Աբասի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում նախատեսվում է սեպտեմբերի 30-ին: Նա խոստանում է սենսացիոն բացահայտումներ անել պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի քաղաքականության վերաբերյալ: