Եվրոպական միության երկրներից այս անգամ Խորվաթիան էր, որ չդիմացավ միգրանտների մեծ հոսքին: Երկրի իշխանությունները փակեցին Սերբիային սահմանակից ութ ճանապարհներից յոթը:
Խորվաթիայի վարչապետ Զորան Միլանովիչն այդ առիթով հայտարարել է, որ իր երկիրն այլևս չի կարող ընդունել և գրանցել միգրանտներին:
«Նրանք կարող են ստանալ սնունդ, ջուր և բժշկական օգնություն, այնուհետև սակայն պետք է առաջ շարժվեն: Խորվաթիան միգրանտների համար «թեժ կետ» չի դառնա», - վարչապետն ընդգծել է՝ ավելացնելով, որ իրենք իհարկե սիրտ ունեն, բայց և գլուխ էլ ունեն…
Բանն այն է, որ Սերբիայում գտնվող հազարավոր միգրանտներ սկսեցին ինտենսիվորեն ուղևորվել դեպի Խորվաթիա, քանի որ Հունգարիան փակել էր Սերբիայի հետ սահմանը:
Իսկ այժմ, երբ Խորվաթիան ևս Սերբիայի հետ սահմանին խիստ վերահսկողություն սահմանեց, տասնյակ հազարավոր փախստականներ այլևս չեն կարողանում Բալկաններից առաջ շարժվել:
Ի պատասխան խորվաթների վարած քաղաքականության՝ միգրացիայի հարցերով Սերբիայի նախարար Ալեքսանդր Վուլինը հայտնել է, որ անընդունելի է Խորվաթիայի կամ որևէ այլ երկրի կողմից միջազգային ճանապարհների փակումը:
Հունգարիայի արտգործնախարարն իր հերթին քննադատել է Խորվաթիայի իշխանություններին, իսկ հունգարական մամուլը գրել է, որ Սերբիայի հետ սահմանը ցանկապատելուց հետո, Խորվաթիա անցած միգրանտները հիմա էլ այնտեղից են մտնում Հունգարիա:
Այս ամենի հանդեպ անտարբեր չի գտնվել նաև հարևան Սլովենիան: Երկրի իշխանությունները հայտնել են, որ կանգնեցրել են Խորվաթիայից միգրանտներին բերող գնացքը և մոտավորապես 150 մարդու հետ ուղարկել մայրաքաղաք Զագրեբ, քանի որ նրանք անհրաժեշտ փաստաթղթեր չեն ունեցել:
Իսկ անձամբ Սլովենիայի վարչապետը շեշտել է, որ իր երկիրը հավատարիմ կմնա Շենգենյան գոտու բաց սահմանների սկզբունքին, բայց միգրանտների համար միջանցք չի բացվի, որ նրանք Սլովենիայով անցեն Ավստրիա:
Նշենք, որ միգրանտների մեծ մասի համար վերջնակետ են հանդիսանում Ավստրիան, Գերմանիան և Շվեդիան, որոնք ավելի լավ ու բարեկեցիկ պայմաններ են ապահովում փախստականների համար: