Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման շրջանակում Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրության միջազգային կենտրոնը «Հայկական մշակույթի ցեղասպանություն. առաջ և հետո» խորագրով լուսանկարների ցուցահանդես է կազմակերպել:
ABC.es-ի փոխանցմամբ՝ այն իրականացվել է Հայկական ճարտարապետության ուսումնասիրության հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանի, ինչպես նաև Հիմնադրամի տրամադրած նյութերի շնորհիվ:
Ցուցահանդեսը ներկայացնում է հարուստ քրիստոնեական ժառանգությունը, որը ողբերգական իրադարձություններից հետո մնացել է ժամանակակից Թուրքիայի տարածքում:
Մեծ հաջողություն ունենալով Գրանադա քաղաքում՝ ցուցադրությունը տեղափոխվել և սեպտեմբերի 15-ին բացվել է նաև Տոլեդոյի Արքեպիսկոպոսների պալատի ցուցասրահում: Ցուցադրությունը կտևի մինչև սեպտեմբերի 26-ը: Այնուհետև այն կներկայացվի Տալավեր դե լա Ռեյնի Ռաֆայել Մորալեսի մշակութային կենտրոնում: Այստեղ ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 1-15-ը: