Հրեական Նոր Տարվա նախօրեին Երուսաղեմում պաղեստինցիների և Իսրայելի ոստիկանության միջև տեղի ունեցած բախումները, որոնք մուսուլմանների պնդմամբ միտում ունեն խախտելու Ալ-Աքսա մզկիթի ստատուս քվոն, կարելի է ասել հայտնվել են քննարկումների կիզակետում:
Պաղեստինյան կողմը պնդում է̦ որ իսրայելական ոստիկանական ուժերը ներխուժել են մզկիթ և մուսուլմանների դեմ նռնակներ, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ կիրառել: Իսկ իսրայելական ոստիկանությունն էլ իր հերթին հայտնում է, որ բախումները սկսվել են այն բանից հետո̦ երբ ոստիկանները փորձել են ձերբակալել մի խումբ պաղեստինցի երիտասարդների: Նրանց պնդմամբ ոստիկանությունը ստացել է օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ մզկիթում հավաքված մի քանի տասնյակ երիտասարդ արաբներ քարերով և ինքնաշեն պայթուցիկ սարքերով պատրաստվել են հարձակվել հրեական խմբի վրա:
Իսկ ինչի՞ հետևանքով է առաջացել այսպիսի անհանդուրժողականությունը:
Կարելի է ասել, որ Տաճարի լեռան կարգավիճակը պաղեստինա-իսրայելական հարաբերությունների առավել սուր խնդիրներից է: Այս հակամարտությունը շարունակվում է արդեն երկար տարիներ: Ինչպես հայտնի է, Երուսաղեմում ապրում են տարբեր կրոնների ներկայացուցիչներ, և նրանք բոլորն էլ ունեն սուրբ վայրեր մուտք գործելու իրավունք: 1967 թվականին, երբ Վեցօրյա պատերազմի արդյունքում Երուսաղեմն անցավ Իսրայելի ինքնիշխանության տակ, Իսրայելի կառավարությունը սկսեց պահպանել տարբեր կրոնների սրբավայրերի ստատուս քվոն: Իսկ ինչ վերաբերում է Տաճարի լեռանը, որը սրբավայր է հանդիսանում հրեաների, քրիստոնյաների և մուսուլմանների համար, ապա այնտեղ ստատուս քվոն պահպանելու նպատակով որքան էլ, որ պարադոքսային հնչի, հրեաների իրավունքները սահմանափակ են: Սուրբ լեռը բարձրանալու համար հրեաները պետք է նախօրոք ունենան Վակֆի համաձայնությունը (կրոնական կազմակերպություն, որը ղեկավարում է մուսուլմանական սրբավայրերը), որը սկսած 1967 թ.-ից վերահսկում է այս տարածքները:
Այնուամենայնիվ, այս ստատուս քվոն պարբերաբար խախտվում է վերջին տարիներին: Հրեական փոքր խմբերին թույլատրվում է այցելել Տաճարի լեռը, սակայն արգելվում է աղոթել: Հակառակ արգելքի՝ արմատական հրեաներն աղոթքներ են կարդում՝ հարուցելով մուսուլմանների զայրույթը:
Իսկ ինչպես հայտարարում են իսրայելական լրատվամիջոցները՝ (ավելի վաղ այս մասին նաև նշել էր Մոսկվայում Իսրայելի դեսպան Դորիթ Գոլենդերը) մուսուլմանները Ալ-Աքսայում մշտապես արել են այն ամենն, ինչ ցանկացել են, այդ թվում՝ մզկիթում պահել են բռնության ակտեր իրականացնելու համար նախատեսված ձողեր, քարեր և պայթուցիկներ: Կարելի է ասել, որ հիմնականում այս խախտումների պատճառով էլ ամեն տարի այս վայրում տեղի են ունենում բախումներ, որոնք էլ իրենց հերթին սերմանում են կրոնական ատելություն:
Սակայն, այս տարվա բախումների ժամանակ ամենից հատկանշականը Թուրքիայի և Իսրայելի փոխադարձ սուր քննադատությունն էր միմյանց նկատմամբ: Իսրայելի պնդմամբ այս ամենի հետևում կանգնած է պաշտոնական Անկարան, որը գործում է նախագահ Էրդողանի հովանավորության տակ գտնվող Համասի առաջնորդներից մեկի՝ Սալեհ ալ-Արուրի միջոցով: Իսկ Թուրքիան, հերքելով այս փաստը, իր հերթին, մեղադրանքներ հնչեցրեց Իսրայելի վարչապետի հասցեին՝ հայտարարելով, որ վերջինս «խաղում է կրակի հետ» և իր վարած քաղաքականությամբ զայրույթ է առաջացնում մուսուլմանական բոլոր երկրներում:
Սակայն կարելի է ասել, որ այս պարագայում երկու կողմերն էլ նոր խաղի կանոններով են առաջնորդվում: Իսկ այդ «խաղը» հասկանալու համար անհրաժեշտ է անդրադարձ կատարել երկու երկրների անցած քաղաքական ուղուն:
Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները սկսել են սրվել 2010 թվականի մայիսի 31-ին` Գազայի հատված օգնություն փոխադրող թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա տեղի ունեցած դեպքերից հետո, որի ժամանակ բեռների ստուգում անցկացվելու վերաբերյալ Թել Ավիվի պահանջին չենթարկվելու պատճառով իսրայելցի զինվորների հարձակման արդյունքում նավի վրա 9 թուրք քաղաքացի է զոհվել, իսկ 40-ը՝ վիրավորվել: Այդ ժամանակ Անկարան Իսրայելից պահանջել է պաշտոնապես ներողություն խնդրել և փոխհատուցել յուրաքանչյուր տուժածին, ինչպես նաև շրաջափակումից հանել Գազայի հատվածը՝ մեղադրելով Իսրայելին ցեղասպանության մեջ:
Սակայն մի քանի տարի հետո միայն՝ 2013 թվականի մարտին, Իսրայել կատարած այցի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ստիպեց Նեթանյահուին հեռախոսազանգի միջոցով ներողություն խնդրել Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Էրդողանից:
Նեթանյահուի այս զանգը հանգեցրեց այն բանին, որ երկու կողմերի միջև սկսեցին շփման գծեր ի հայտ գալ:
2013 թվականի դեկտեմբերին Իսրայելը Ստամբուլ ուղարկեց Յոսի Քոհենի գլխավորած պատվիրակությունը:
2014 թվականի հունվարին թուրքական պատվիրակությունն այցելեց Երուսաղեմ:
Որոշ ժամանակ անց նույնիսկ դիվանագետներ հանդես եկան երկու երկրների միջև համաձայնագրի նախագիծ կնքելու առաջարկով, ինչն ուղղված էր կարգավորելու «Մավի Մարմարա» դեպքերի հետևանքները:
Սակայն Համասի գրոհայինների կողմից Իսրայելի տարածքում զանգվածային ռմբակոծություն իրականացնելու և դրան հաջորդող 2014 թվականի «Անխորտակելի ժայռ» գործողության պատճառով փաստաթղթի ստորագրումն այդպես էլ տեղի չունեցավ, իսկ հետագա բանակցությունները դադարեցվեցին:
Այստեղ հատկանշականն այն է, որ չնայած այս արտաքին հակամարտություններին՝ երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը շարունակում էր խորանալ:
Բացի այդ երկու երկրների միջև համագործակցության մասին է վկայում նաև 2015 թվականի հունիսին Իսրայելի և Թուրքիայի դիվանագետների՝ Հռոմում տեղի ունեցած փակ հանդիպումը: Չնայած նրան, որ երկու կողմերն էլ փորձում էին գաղտնի պահել այս հանգամանքը, այնուամենայնիվ, իսրայելական և եվրոպական լրատվամիջոցների կողմից տեղեկատվության արտահոսքն անխուսափելի եղավ: Չունենալով մանևրելու տեղ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հաստատեց Իսրայելի հետ ընթացիկ բանակցությունների փաստը:
Հաշվի առնելով բոլոր այս հանգամանքները, կարելի է ասել, որ Թուրքիայի և Իսրայելի նման արձագանքը ոչ միայն զարմանք է պատճառում, այլ նաև ցույց է տալիս երկու կողմերի վարած երկակի քաղաքականությունը: Մի կողմից̦ կողմերը մեղադրում են միմյանց, սակայն մյուս կողմից թուրք-իսրայելական քողարկված համագործակցությունն ակնհայտ է: