Վարշավայում ընթացող ԵԱՀԿ Մարդկային չափման խնդիրների իրականացման հարցերով հերթական խորհրդակցության ժամանակ ԱՄՆ պատվիրակության ղեկավար Դեյվիդ Քրեմերն իր ելույթում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների համատեքստում անդրադարձել է նաև Ադրբեջանին։
Այս առթիվ նա մասնավորապես նշել է.
«Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումը մտահոգիչ է։ Մարդու իրավունքի ակտիվիստները, լրագրողները և նրանց շահերը ներկայացնող փաստաբանները հարցաքննվում են կամ ազատազրկման մեջ են գտնվում, իսկ ազատազրկման դատապարտվածներից մի քանիսի առողջական վիճակն արագորեն վատթարանում է։ Ադրբեջանի կառավարությունը Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակմամբ և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդների քանակը կրճատելու վերաբերյալ պնդումներով նահանջել է ԵԱՀԿ կառույցների հետ համագործակցությունից»,- ասել է ամերիկացի դիվանագետը։