Որքան էլ որ Թուրքիայի իշխանությունները խոսեն ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին և երկրի Սահմանադրության մեջ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանման մասին առանձին կետեր ավելացնեն, միևնույն է Թուրքիան բավականին հեռու է ժողովրդավարական երկիր կոչվելուց և առավել ևս փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականություն ցուցաբերելուց: Սրա վառ օրինակ է ն Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) երկու նախարարների հրաժարականը Թուրքիայի ժամանակավոր կառավարության կազմից:
Եվրամիության հարցերով նախարար Ալի Հայդար Քոնջան և Զարգացման նախարար Մուսլում Դողանը, որոնք Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ կառավարությունում ներկայացնում էին քրդամետ քաղաքական ուժ, իշխանությունների սադրանքների և մասնավորապես՝ նախագահ Էրդողանի վարած քաղաքականության պատճառով հրաժարվեցին իրենց պաշտոններից:
«Իշխող կուսակցության (Արդարություն և զարգացում ՝ AKP) և նախագահի վարած քաղաքականությունը հիշեցրեցին մեզ թուրք-քրդական հակամարտության արյունալի տարիների մասին: Ընտրությունների արդյունքների վերաբերյալ իրենց դժգոհության պատճառով դադարեցվեց քրդական խնդրի կարգավորման գործընթացը, տորպեդահարվեց կոալիցիոն կառավարություն ստեղծելու պայմանավորվածությունը: Մեկնարկած պատերազմի ֆոնին մենք որոշեցինք դադարեցնել մեր գործունեությունը կառավարությունում», - ասել է Կոնջան երեքշաբթի Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Հարկ է նշել, որ քրդերի հարցում ուշագրավ է միջազգային հանրության անտարբերությունը, որի պատճառով էլ թուրքական իշխանությունների՝ փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականությունն ավելի ու ավելի է մեծանում: Հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո զայրացած Էրդողանն այժմ անում է ամեն հնարավորը քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությանը կառավարության մաս դառնալուց հեռու պահելու համար, որպեսզի կարողանա վերադարձնել ձայների մեծամասնությունը և ձևավորի միակուսակցական կառավարություն:
Սակայն ինչպես ցույց են տվել Gezici սոցհարցման արդյունքները՝ Էրդողանի կուսակցության օգտին քվեարկողների թիվը հունիսին կայացած ընտրությունների համեմատ նվազել է 1.6-ով՝ հասնելով 39.3% -ի, ինչը փաստացի վկայում է այն մասին, որ ԱԶԿ-ի՝ նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ ընտրությունների արդյունքում միակուսակցական կառավարություն ձևավորելու շանսերը քիչ հավանական են: