2013 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահական ընտրությունների կեղծումից հետո Իլհամ Ալիևի ռեժիմը սկսեց բացահայտորեն հետապնդել թշնամիներին՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին:
Այս մասին ասված է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչի և «Freedom House»-ի նախկին ղեկավար Դևիդ Քրամերի հոդվածում:
Նրանց խոսքով, ընդդիմադիր գործիչները, քաղաքացիական հասարակության ակտիվիստները սկսեցին պետության կողմից որպես թշնամի ընկալվել:
Հեղինակները նշում են Ալիևի ռեժիմի բազմաթիվ զոհերին, որոնց հետապնդել և բանտերն են նետել: Նրանք հիշում են նաև լրագրող Ռասիմ Ալիևին, որը գազանաբար ծեծի ենթարկվելուց հետո հիվանդանոցում մահացավ: Նույնիսկ նրանք, ովքեր հեռացել են Ադրբեջանից, շարունակում են սպառնալիքներ ստանալ:
Կոզլարիչն ու Քրամերն անդրադառնում են նաև Լեյլա և Արիֆ Յունուսովների դատավճռին՝ նշելով, որ միջազգային հանրությունն անմիջապես արձագանքեց՝ դատավճիռն անվանելով «ցնցող և բացահայտորեն ամոթալի»: Սակայն, նրանց կարծիքով, ԱՄՆ պետքարտուղարությունը, ի տարբերություն իրավապաշտպան կազմակերպությունների, ԵԱՀԿ ներկայացուցիչների, հանդես եկավ «թույլ հայտարարությամբ»՝ նշելով, որ «խորապես մտահոգված է» դատավճռի առիթով: Վաշինգտոնը լռեց նաև Ռասիմ Ալիևի գործի առիթով (հայտարարություն հնչեց միայն Բաքվում դեսպանատանը):
«Այդ իրադարձությունները կտրուկ կերպով դատապարտելու փոխարեն, ԱՄՆ-ն վերջերս երեք պատվիրակ ուղարկեց Բաքու. հատուկ պատվիրակ Ամոս Հոխշթեյնին, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի գլխավոր օգնական Ռիչարդ Հոգլանդին և ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալի օգնական Էվելին Ֆարկասին՝ քննարկելու էներգետիկ, տրանսկասպյան հարցեր և անվտանգության խնդիրներ: Չնայած մարդու իրավունքների իրավիճակն օրեցօր ավելի է վատթարանում, Ֆարկասը, ըստ հաղորդագրությունների, Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է կոչել»,- գրում են հեղինակները:
Կոզլարիչի և Քրամերի կարծիքով, խաղաղ դիվանագիտությունը չի գործում, և «խորը մտահոգության» մասին հայտարարությունները ոչ մի արդյունք չեն տալիս: Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների այցերը ռեժիմին ամերիկյան աջակցության նշան կարելի է համարել:
«Տխուր փակուղային իրավիճակը պետք է փոխվի և արագորեն: Հարկավոր է պատժամիջոցներ սահմանել ադրբեջանական պաշտոնյաների դեմ, որոնք ներգրավված են մարդու իրավունքների կոպիտ խախտումներում: Պետք է ադրբեջանական ռեժիմի զանգվածային կոռուպցիայի հետաքննություն սկսել, քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պետք է միայն խոսքից գործի անցնեն»,- ամփոփում են հոդվածի հեղինակները: