Ուկրաինան, Ավստրալիան, Մալազիան, Բելգիան և Նիդեռլանդները մտադիր են Ուկրաինայի արևելքում մալազիական Boeing-ի կործանման հարցով սեփական տրիբունալ ստեղծել: Այս մասին, ինչպես գրում է The New York Times-ը, հայտարարել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլիա Բիշոպը:
Վերջինիս փոխանցմամբ՝ հինգ երկրների կողմից տրիբունալի ստեղծումն ի սկզբանե եղել է ՄԱԿ-ի շրջանակներում միջազգային տրիբունալի այլընտրանքը, և այն այժմ գտնվում է քննարկման փուլում: Նշվում է, որ վերոնշյալ հինգ երկրների արտաքին գործերի նախարարները կհանդիպեն սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ, որտեղ կքննարկվի տրիբունալի ստեղծման հարցը:
Ավստրալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ երկրների խումբը որոշվել է «ըստ առաջնայնությունների»: Ինչպես նշել է Բիշոպը, դատարանի ստեղծումը, որը ՄԱԿ-ի հավանության կարիքը չունի, հնարավոր է միջպետական համաձայնագրերի շրջանակներում այն երկրների միջև, որոնց քաղաքացիները զոհվել են ինքնաթիռի կործանման ժամանակ:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հուլիսի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չկարողացավ ընդունել այս հարցով միջազգային տրիբունալ ստեղծելու վերաբերյալ բանաձև, քանի որ Ռուսաստանն օգտագործեց վետոյի իր իրավունքն այն արգելափակելու համար: Այդ ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ինքնաթիռի կործանումը քրեական հանցագործության արդյունք է, այլ ոչ թե միջազգային խաղաղությանը և անվտանգությանը սպառնալիք, ինչը երթադրում էր այդ բանաձևի նախագիծը: Լավրովն ընդգծել էր, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն երբեք տրիբունալներ չի ստեղծել ինքնաթիռների կործանման հարցով, և դրա սեղծման միայն միտքը կոչված է մեղավոր ճանաչել նրանց, ում կատարվածի համար Վաշինգտոնը պատասխանատու է համարում:
Malaysia Airlines ընկերությանը պատկանող ուղևորատար Boeing 777 ինքնաթիռը, որն իրականացնում էր Ամստերդամ – Կուալա-Լումպուր չվերթը, կործանվել է 2014 թվականի հուլիսի 17-ին Դոնեցկի շրջանում: Ինքնաթիռում գտնվող 298 հոգին, այդ թվում նաև անձնակազմը, զոհվել է: Կիևում ինքնաթիռի կործանման մեջ մեղադրում են աշխարհազորայիններին, որոնք հերքում են այդ մեղադրանքը: