Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման հարցով եռակողմ Կոնտակտային խումբը Մինսկում համաձայնագիր է ստորագրել մինչ 100 միլիմետր տրամաչափով սպառազինությունների՝ Դոնբասում հակամարտող կողմերի շփման գծից հետքաշման մասին:
Ինչպես նշել է ԵԱՀԿ ներկայացուցիչ Մարտին Սայդիկը, փաստաթուղթը ձևակերպվել է որպես Մինսկի համաձայնագրերի իրագործման համալիր միջոցառումների լրացում: Որոշվել է, որ տանկերը, մինչև 100 միլիմետր տրամաչափով հրետանին, ինչպես նաև մինչև 120 միլիմետր տրամաչափով ականանետները շփման գծից պետք է հետ քաշվեն 15 կիլոմետր հեռավորության վրա: «Դա ևս մեկ կարևոր քայլ է այն համաձայնությունների իրագործման համար, որոնք արդեն ձեռք են բերվել Մինսկում», - հայտարարել է ԵԱՀԿ ներկայացուցիչը: Նա նշել է, որ փաստաթուղթը ստորագրվել է Կոնտակտային խմբի երեք ներկայացուցիչների (Ռուսաստան, Ուկրաինա, ԵԱՀԿ) և բանակցություններում Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչների կողմից: Սայդիկի փոխանցմամբ՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարներն այս համաջայնագիրը կստորագրեն ավելի ուշ:
Սպառազինությունների հետքաշման առաջին փուլը, ինչպես նշել է Սայդիկը, «կսկսվի լիակատար հրադադարից երկու օր անց և կընդգրկի Լուգանսկի մարզի մեծ գոտի»: 15 օրվա ընթացքում հետքաշումը կիրականացվի ըստ զենքի տեսակների. նախ՝ հետ կքաշվեն տանկերը, այնուհետև՝ հրետանին, ապա նաև՝ ականանետները:
Վելուծաբանները հույս ունեն, որ այս համաձայնագրի ստորագրումով Դոնբասում կայուն խաղաղություն կհաստատվի: Նշենք, որ այս փաստաթղթի շուրջ Կոնտակտային խմբի ձևաչափով բանակցություններն ընթանում էին դեռ հունիսի սկզբից: Դոնեցկը և Լուգանսկը նույնիսկ միակողմանի հայտարարել էին զենքերը հետ քաշելու մասին, սակայն Կիևը չէր արձագանքել այս քայլին: Փորձագետների կարծիքով՝ համաձայնագրի ստորագրումը հնարավոր դարձավ կողմերի միջև սեպտեմբերի 1-ին հաստատված հրադադարի ֆոնին:
Ընդհանրապես, հարկ է նշել, որ Մինսկի համաձայնագրերի ռազմական մասի իրականացման հարցում կողմերի միջև լուրջ առաջընթաց կա, և սպասվում է, որ այդ հաջողությունները դեռ կամրապնդվեն: Միանգամայն այլ իրավիճակ է Մինսկի համաձայնագրերի քաղաքական, տնտեսական և հումանիտար մասերի իրագործման հարցում:
Ներկայումս Կոնտակտային խումբը քննարկում է կողմերի միջև այս փուլի ամենախնդրահարույց հարցը՝ Ուկրաինայում տեղական ընտրությունների անցկացման կարգը: Այս հարցում կոնսենսուսի հասնելու նախորդ փորձերը Կոնտակտային խմբի շրջանակներում եղել են ապարդյուն: Սեպտեմբերի 22-ին այս հարցով բանագնացների վերջին հանդիպման արդյուքներով ԵԱՀԿ ներկայացուցիչ Մարտին Սայդիկը բանակցությունների անհաջողության պատասխանատվությունն ամբողջությամբ դրել է Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների վրա: Վերջիններս էլ իրենց հերթին համաձայնության չհասնելու մեջ մեղադրում են Կիևին:
Որոշ վերլուծաբանների կարծիքով Ուկրաինայում տեղական ընտրությունների անցկացման կարգի շուրջ համաձայնությունից է մեծապես կախված զենքերը հետ քաշելու վերաբերյալ այս վերջին համաձայնագրի իրականացման ընթացքը: