Մոլդովայի վարչապետ Վալերի Ստրելեցը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի ժամանակ ունեցած ելույթում պահանջել է Մերձդնեստրից ռուս խաղաղապահների դուրսբերում և տարածաշրջանում միջազգային քաղաքացիական առաքելության տեղակայում, գրում է gazeta.ru-ն։
«Մենք կրկին արտահայտում ենք ռուս զինվորականներին և սպառազինությունը Մոլդովայի տարածքից մեր Սահմանադրության դրույթների և միջազգային պարտավորությունների համաձայն դուրս բերելու մասին պահանջի վերաբերյալ հստակ դիրքորոշում: Կարծում ենք, որ խաղաղարար գործողությունն իրականացրել է իր մանդատը և պետք է փոխարինվի համապատասխան միջազգային մանդատով քաղաքացիական առաքելությամբ»,- հայտարարել է նա։
Ստրելեցը նաև նշել է, որ Մոլդովան, չնայած ներքին և արտաքին մարտահրավերներին, կընթանա հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհով՝ վստահության վերականգնման և երկխոսությանը նպաստելու միջոցով։