Այսօրվանից Հունաստանում չեղարկվում են մի քանի տուրիստական նշանակության կղզիների՝ ԱԱՀ դաշտում առկա հարկային արտոնությունները. սա է եղել միջազգային վարկատուներից օժանդակության երրորդ տրանշը ստանալու նախապայմանը, հաղորդում է Reuters-ը:
Արտոնությունների դաշտից հանվել է վեց կղզի (Սանտորինի, Միկոնոսե, Ռոդոսե, Նակսոսե, Պարոսե, Սկիատոսե), սպասվում է, որ 2016թ.-ին գործընթացը կշարունակվի, իսկ ահա 2017թ.-ին հունական բոլոր կղզիները կաշխատեն առանց արտոնությունների ԱԱՀ-ով:
Առայժմ վերոնշյալ վեց կղզիների նկատմամբ կկիրառվի 6, 13 և 23 տոկոսով հաշվարկվող հարկ:
Հարկային արտոնությունների վերացումը նշանակում է համապատասխան կղզիներում տուրիստական ծառայությունների գների համեմատական աճ: Կարո՞ղ է արդյոք դա բացասաբար ազդել հունական տնտեսության վրա: Իհարկե, կարող է և կազդի, սակայն ամեն ինչ պետք է դիտարկել համեմատության մեջ:
Նախ տնտեսության վրա ազդեցության հավանականությունը պետք է դիտարկել տարանջատված: Եթե խոսքը վերաբերում է հունական ներդրումներին, ապա ազդեցություն կարող է լինել, բայց աննշան: Այսինքն նոր ներդրողներին դա չի խանգարի ծառայություններ մատուցել այդ երկրում, բնականաբար, արդեն բարձրացված գներով, իսկ արդեն իսկ առկա ներդրողները կբարձրացնեն ծառայությունների գներն ու կփոխհատուցեն իրենց վնասները: Սակայն պատկերը կարող է լրիվ փոխվել, եթե թանկացած ծառայություններից օգտվողները՝ զբոսաշրջիկներն, այլևս հրաժարվեն Հունաստանում հանգստանալու մտքից:
Եթե Հունաստանի փոխարեն լիներ մեկ այլ երկիր, որտեղ տուրիզմի մշակույթն ու տուրիստական ենթակառուցվածքները չլինեին այդ աստիճանի զարգացած, որքան այստեղ է, սպառնացող վտանգը կլիներ շատ մեծ: Բայց Հունաստանը, կարելի է ասել, որոշակիորեն ապահովագրված է նման վտանգից: Մյուս կողմից, խնդիրը պետք է դիտարկել սպառողի հոգեբանության տեսանկյունից: Գոյություն ունի «հավատարիմ սպառող» հասկացությունը, որը ենթադրում է, որ մարդ պատրաստ է իր համար «հարազատ» դարձած ծառայության կամ ապրանքի դիմաց վճարել ցանկացած գին:
Այնուամենայնիվ, հույսը չդնելով սպառողի հավատարմության վրա՝ Հունաստանը պետք է հաշվի առնի, որ զբոսաշրջիկներին ժամանակ է պետք նոր գներին հարմարվելու համար, իսկ այդ ժամանակը ենթադրում է զբոսաշրջային հոսքերի պասիվություն: Այս առումով այդ երկիրը մինչև 2017թ.-ը՝ մինչև գործընթացի ավարտը, մանևրելու տեղ ունի՝ զբոսաշրջիկներին առավելապես ներգրավելով դեռևս չթանկացած կղզիներ:
Ամփոփելով, ավելացնենք, որ եթե նույնիսկ գործընթացը հարվածի Հունաստանի զբոսաշրջությանը, լավ աշխատանքի դեպքում այն հնարավոր կլինի առողջացնել, իսկ այն վնասները, որոնք կկրեր տնտեսությունը երրորդ տրանշը չունենալու պարագայում, վերականգնելն ավելի դժվար կլիներ: