Նյու-Յորքում շարունակվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանը, որի ընթացքում, ի թիվս միջազգային կարևորագույն խնդիրների՝ քննարկվում է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարեփոխումների իրականացնելու հարցը:
Խոսքն Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներին վետոյի իրավունքից զրկելու մասին է: Այսօր վետոյի իրավունք ունեն ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամները՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը և Ֆրանսիան: Այս երկրներն ԱԽ մշտական անդամ են դարձել որպես Երկրորդ աշխարհամարտը հաղթած տերություններ:
Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Ֆրանսիան, ով առաջարկում է սահմանափակել վետոյի կիրառման հնարավորությունը, երբ խոսքը մեծ քանակությամբ զոհերով հակամարտություններին արձագանքելու մասին է: Նման նախաձեռնությամբ Փարիզը հանդես էր եկել երկու տարի առաջ Մեքսիկայի հետ համատեղ:
Նշենք, որ այսօր ՄԱԿ-ի կանոնադրության 27-րդ հոդվածի համաձայն՝ գործընթացային հարցերով Ավտանգության խորհրդի որոշումները համարվում են ընդունված, եթե դրանց օգտին քվեարկել է խորհրդի 15 անդամներից 9-ը: Բոլոր այլ հարցերով ԱԽ որոշումները համարվում են ընդունված, եթե դրանց օգտին քվեարկել են խորհրդի անդամ 9-ը երկիր՝ այդ թվում նաև ԱԽ 5 մշտական անդամները: Ընդ որում, ըստ ՄԱԿ-ի կանոնադրության 6-րդ գլխի և 52-րդ հոդվածի 3-րդ կետի՝ քննարկվող վիճելի հարցերում ներգրավված կողմերը պետք է ձեռնպահ մնան քվեարկությունից:
ՄԱԿ-ի կանոնադրությունը թույլ է տալիս որոշումներ ընդունել առանց ԱԽ մշտական անդամների համաձայնության միայն այն դեպքում, երբ նրանցից ոչ մեկը չի կիրառել իր վետոյի իրավունքը և որոշման օգտին քվեարկել է խորհրդի անդամներից 9-ը:
Նշենք, որ Ֆրանսիայի այս առաջարկությանն արդեն աջակցություն են հայտնել ավելի քան 80 երկիր՝ այդ թվում Նորվեգիան, Շվեդիան, Լատվիան, Լեհաստանը, Ուկրաինան: Չնայած ԱԽ-ում վետոյի կիրառման սահմանափակման առաջարկը հավանության է արժանացել ՄԱԿ-ի անդամ երկրների գրեթե կեսի կողմից, սակայն փորձագետները համոզված են որ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ռուսաստանը և ոչ էլ Չինաստանը չեն համաձայնի նման փոփոխության հետ, քանի որ վետոյի իրավունքը հանդիսանում է վերջիններիս դիվանագիտության կարևոր գործիքներից մեկը և նրանք հավանություն չեն տա ՄԱԿ-ի կանոնադրությունում նման փոփոխությանը: