Նախագահի ՄԱԿ ԳԱ ելույթում բոլոր թիրախների ներկայացման հիմքում ընկած էր հետևյալ ուղերձը. քանի դեռ Ցեղասպանության նման հանցագործությունները ճանաչված և դատապարտված չեն, խոսել անվտանգության խնդրի մասին և պատկերացնել, որ այդ խնդիրն էական փոփոխությունների է ենթարկվել, իհարկե, հնարավոր չէ:
Այս մասին ասել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, փորձագետ Կարեն Բեքարյանը լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ: Նա ամփոփել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 70-րդ նստաշրջանը, Նախագահի այցը ԱՄՆ և նրա մասնակցությունը նստաշրջանին:
Անդրադառնալով նստաշրջանին նախագահի ելույթին՝ փորձագետը պայմանականորեն այն բաժանեց երկու հիմնական մասի:
«Առաջին, իր ելույթում Նախագահն անդրադարձավ Ցեղասպանության 100-րդ տարելիցին, որի ժամանակ արված շեշտադրումները համապատասխանում էին այն հիմնական թիրախներին, որոնք 100-րդ տարելիցի ընթացքում դրված էին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Սփյուռքի օրակարգի հիմնական ծիրում: Այդ շեշտադրումներն էին հիշողություն, երախտիք, Հայաստանի Հանրապետության պատասխանատվությունը ցեղասպանությունների կանխարգելման հարցում, ճանաչում և, իհարկե, ոտնահարված իրավունքների վերականգնում: Այս բոլոր թիրախների ներկայացման հիմքում ընկած էր հետևյալ ուղերձը. քանի դեռ նման հանցագործությունները ճանաչված և դատապարտված չեն, խոսել անվտանգության խնդրի մասին և պատկերացնել, որ այդ խնդիրն էական փոփոխությունների է ենթարկվել, իհարկե, հնարավոր չէ»:
Ելույթի մյուս էական հատվածը վերաբերում էր Ղարաբաղյան հակամարտությանը և դրա շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին:
«Այս համատեքստում միջազգային հանրությանն ուղղված հիմնական ուղերձն այն էր, որ Ադրբեջանն իր կեցվածքով ապացուցում է, որ որևէ մտադրություն չունի խաղաղության գնալու և իր որդեգրած ձեռագիրը սադրանքի ձեռագիրն է: Նախագահի ուղերձում այս թեզի հիմնավորումներն, այն է Ադրբեջանի ընդունած դիրքորոշումը վստահության միջոցների հարցում, դիպուկահարների հեռացման հարցում միջնորդների ջանքերը և ադրբեջանական կողմի մերժումը, հետաքննության մեխանիզմների ստեղծման գաղափարը և նորից ադրբեջանական կողմի այն մերժելը, նույնպես տրամաբանված էին » ,- նկատեց փորձագետը:
Իր խոսքում Կարեն Բեքարյանն առանձնակի կարևորեց Նախագահի կողմից բերված Եվրոպական խաղերի օրինակը, նշելով, որ դա բավականին ընկալելի է միջազգային հանրության համար:
«Եվրոպական խաղերի օրինակը նույնպես բավականին ընկալելի է մեր գործընկերների համար թե′ Եվրոպայում, թե՛ ընդհանրապես Արևմուտքում և թե′ ավելի լայն համատեքստում: Այստեղ նրանց մոտ հարց է առաջանում. եթե սադրանքները երկկողմ են, ապա ինչպե՞ս ստացվեց, որ Եվրոպական խաղերի ողջ ընթացքում մենք սահմաններին ունեինք դրական վիճակ և անդորր, իսկ անմիջապես խաղերի ավարտից հետո սադրանքները կրկին նոր թափ հավաքեցին»: