Ուկրաինական զինվորականներն այսօր սկսել են 100 մմ փոքր տրամաչափով զինտեխնիկայի հետքաշումը շփման գծից: Այս մասին հայտարարել է հատուկ գործողության ուժայինների շտաբի ներկայացուցիչ Անատոլի Ստելմախը, փոխանցում է РИА Новости-ն:
«Այսօրվանից սկսվում է 100 մմ փոքր տրամաչափով զենքի և տեխնիկայի շփման գծից հետ քաշելու առաջին փուլի գործնական մասը», - նշել է Ստելմախը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ այդ գործընթացը կտևի 41 օր:
Նշենք, որ այս մասին կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել դեռ նախորդ շաբաթ՝ Մինսկում Եռակողմ կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ: Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն հոկտեմբերի 2-ին Փարիզում կայացած «Նորմանդական քառյակի» հանդիպման ժամանակ վերահաստատել էր Կիևի պատրաստակամությունն այս հարցում:
Սակայն, ի տարբերություն Մինսկի պայմանավորվածությունների ռազմական մասի իրականացմանը, ուկրաինական հակամարտության կողմերը մինչ այժմ չեն կարողանում լուրջ առաջընթաց գրանցել քաղաքական բաղադրիչների իրականացման հարցում: Վերջիններս էլ «Նորմանադական քառյակի»՝ Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա ղեկավարիների հոկտեմբերի 2-ի հանդիպման կենտրոնական թեմաներն էին:
Ինչպես հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, կողմերը քննարկել են Ուկրաինայի արևելքում ընտրութունների անցկացման կարգը և այն հարցերը, որոնք համաձայնագրերում հաստակորեն չեն սահմանվել: «Մենք քննարկել ենք բավականին բարդ խնդիրներ, որոնք հստակորեն սահմանված չեն եղել Մինսկի համաձայնագրերում՝ մասնավորապես համաներման, հատուկ կարգավիճակի մասին օրենքերը և վերջինիս՝ Սահմանադրությունում ներառելը», - նշել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ հավելելով, որ բանակցությունների արդյունքում կողմերին հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել այդ հարցերի հստակ հաջորդականության վերաբերյալ:
Նշենք, որ կողմերին հաջողվել է համաձայնության գալ Ուկրաինայի արևելքում ընտրությունների անցկացման հարցի շուրջ: Պորոշենկոյի փոխանցմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, այն մասին, որ Դոնեցկում և Լուգանսկում ընտրությունները կարող են չանցկացվել համաուկրաինական ընտրութունների նույն օրը, սակայն դրանք պետք է համապատասխանեն ուկրաինական օրենսդրությանը և անցնեն ԵԱՀԿ դիտորդությամբ: «Մենք պայմանավորվել ենք, որ տեղական ընտրությունները պետք է անցնեն ուկրաինական օրենսդրությանը համապատասխան և պետք է կազմակերպվեն աշխատանքային խմբի հետ համաձայնեցմամբ, որպեսզի դրանց արդյունքները լինեն ճանաչելի» , - հայտարարել է Օլանդը՝ ընդգծելով, որ Դոնեցկում ընտրությունները չեն կարող տեղի ունենալ հոկտեմբերի 18-ին և պետք է տեղափոխվեն:
Նշենք, որ Մոսկվայում հանձնառել են այս հարցերը քննարկել ԴԺՀ և ԼԺՀ պաշտոնական ներկայացուցիչների հետ՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ հակամարտությունն Ուկրաինայում կարող է լուծել միայն Կիևը:
Նշենք, որ փորձագետները կարծում են, որ այս պայմանավորվածութունների իրականացումը միանգամայն իրատեսական է Ուկրաինայի արևելքում հրադադարի պահպանման և Մինսկի պայմանավորվածությունների ռազմական բաղադրիչի իրականացման ֆոնին: Նշվում է, որ «Նորմանդական քառյակի» այս վերջին որոշումները փոխզիջումային են և ընդհանուր առմամբ ընդունելի կողմերի համար:
Ավելացնենք, որ «Նորմանդական քառյակի» ղեկավարների հոկտեմբերի 2-ի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Մինսկի համաձայնագրերի իրականացման առաջընթացը քննարկելու համար նոյեմբերին անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպում կազմակերպելու մասին: