Նյու Յորքում օրերս ավարտվեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանը: Համաշխարհային կազմակերպության ամբիոնից ելույթ ունեցավ 17 երկրի ղեկավար, այդ թվում՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ուրիշներ:
Հարկ է նշել, որ այս տարի հատկանշականը Թուրքիայի նախագահի բացակայությունն էր: ՄԱԿ-ի ասամբլեայում մասնակցում էին բոլոր երկրների առաջնորդները, իսկ Թուրքիան ներկայացնում էր երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Թուրքական Nokta պարբերականի հայտնած տեղեկության համաձայն՝ «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության նախկին պատգամավոր Լյութֆու Թյուրքանը հայտարարել է, որ չնայած Թուրքիայի ԱԳՆ-ը փորձել է անել ամեն հնարավորը՝ կազմակերպելու Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը, վերջինս հրաժարվել է հանդիպել Էրդողանին, ինչի պատճառով ԱՄՆ է մեկնել վարչապետը:
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես թուրքական իշխանության ներկայացուցչի ելույթում ակնհայտ էին սովորություն դարձած երկակի քաղաքականություն տարրերը: Հիմնականում շեշտը դրված է Սիրիայում առկա իրավիճակի, փախստականներին առնչվող խնդիրների, իսրայելա-պաղեստինյան և, իհարկե, Ղարաբաղյան հակամարտությունների կարգավորման խնդիրների վրա:
Անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին՝ Դավութօղլուն նշել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին անհրաժեշտ է հեռացնել քաղաքականությունից: Ըստ նրա՝ Սիրիայի ճգնաժամի արդյունքը ԴԱԻՇ-ն է՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
«Սակայն, մենք երբեք հաջողության չենք հասնի այդ խմբավորման դեմ պայքարում, քանի դեռ չի հեռացել Ասադը»,- ասել է նա:
Խոսելով փախստականների խնդրի մասին, կարելի է ասել, որ Դավութօղլուն, մոռանալով քրդերի հանդեպ թուրքական իշխանությունների կողմից իրականացրած համատարած ջարդերը, ցանկացել է Թուրքիայի իշխանություններին վերագրել բարձր մարդասիրական հատկանիշներ՝ հայտնելով, որ Թուրքիան ընդունել է ավելի քան 2 միլիոն սիրիացի և մոտ 200 հազար իրաքցի:
«Մենք մեծ ներդրում ունենք այդ ոլորտում, ծախսել ենք ավելի քան 8 միլիարդ դոլար, այն դեպքում, երբ միջազգային հանրության օգնությունը կազմել է 400 միլիոն», - հայտնել է նա:
Նրա կարծիքով սիրիացի փախստականների համար Սիրիայում պետք է ստեղծել անվտանգության գոտի, որը կպաշտպանի ավիահարվածներից և ահաբեկիչների գործողություններից:
Ինչ վերաբերում է իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը՝ Դավութօղլուն Իսրայելին կոչ է արել դադարեցնել Գազայի հատվածի «ապօրինի ու անմարդկային» շրջափակումը, որը շարունակվում է մոտ 8 տարի։ Նա հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է քաղաքական ու տնտեսական աջակցություն ցուցաբերել Պաղեստինին։ Այստեղ հատկանշականն այն է, որ ՄԱԿ-ի ամբիոնից Դավութօղլուն անցնելով իր երկակի քաղաքականությանը՝մեղադրում է Իսրայելին, այն ինչ երկու երկրների համագործակցությունն ակնհայտ է:
Եվ, իհարկե, Ադրբեջանի առաջին դաշնակից երկիր և «մեծ եղբայր» Թուրքիան չէր կարող չխոսել Ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորման մասին: Նրա խոսքով Թուրքիայի համար կարևոր է Ադրբեջանի սահմանների պահպանությունը:
«Հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Դա պետք է արվի` հաշվի առնելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների պահպանման սկզբունքները»,- ասել է նա:
Հատկանշականն այն է, որ Թուրքիան հակամարտության խնդրի խաղաղ կարգավորմանը նպաստելու փոխարեն աջակցում է Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական գործողություններին, որից հետո ի ցույց աշխարհի պահանջում է հարցի խաղաղ կարգավորում: