ԵՄ-ն շահագրգռված է ՀՀ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ: Այդ մասին հայտնել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, Դեսպան Սվիտալսկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեսպան Սվիտալսկին նաև նշել է, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգը հագեցած է ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային տարբեր ծրագրերով:
Իր հերթին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատել է, որ ՀՀ-ԵՄ համագործակցության հիմքում ընդհանուր արժեքներն են, և Հայաստանը հաստատակամ է Եվրոպական միության հետ համագործակցության շարունակական զարգացման հարցում:
Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել մեր երկրում ԵՄ պատվիրակության հետ համատեղ աշխատանքից և նշել, որ առկա է մեծ ներուժ՝ երկկողմ բազմաոլորտ կապերը սերտացնելու և առաջընթացի ավելի բարձր արդյունքներ արձանագրելու համար: