ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այս ամսվա վերջին կայցելեն տարածաշրջան՝ հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին և նախապատրաստվելու հաջորդ գագաթնաժողովին։ Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահող Ջեյմս Ուորլիքը, փոխանցում է Trend-ը։
Նրա խոսքով, Ղարաբաղի անկախության ճանաչումը կարող է Ադրբեջանի կողմից վտանգավոր ռազմական պատասխանի հանգեցնել։ «Եվ Հայաստանը, և Ադրբեջանը պարտավորվել են քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Մենք հավատացնում ենք, որ շարունակելու ենք կողմերի հետ աշխատել բանակցությունների հիմքի վրա», - ասել է Ուորլիքը։
Նրա խոսքով, տարածաշրջանում լարվածության մակարդակը շատ բարձր է, և ԵԱՀԿ Մինսկի խումբը կողմերին կոչ է անում զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող էին նոր լարվածության հանգեցնել։ «Մենք ակնկալում ենք, որ նախագահների հանդիպումը կօգնի առաջ մղել բանակցային գործընթացը և իր ներդրումը կունենա անվտանգության ոլորտում իրավիճակի կայունացման գործում», - ասել է նա։