Հայաստանի և Կոնգոյի ԱԳ նախարարները երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություն են ստորագրել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:
Հոկտեմբերի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Ռայմոնդ Չիբանդա Նթունգամուլոնգուին, ով Հայաստան էր ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ իր հիշողության մեջ դեռ թարմ է երեք տարի առաջ այցելություն Կոնգոյի դեմոկրատական հանրապետության մայրաքաղաք Կինշասա՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին մասնակցելու նպատակով:
Շնորհակալություն հայտնելով նախարարին՝ համաժողովն ընդունելու և բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ Կոնգոյի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարն ընդգծեց, որ իր այս այցելությունը հիմք կդնի երկկողմ հարաբերությունների զարգացման համար։
Նախարարները վստահություն հայտնեցին, որ այսօր երկու երկների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր լիցք կհաղորդի համագործակցությանը։