Պոլսո հայոց պատրիարքարանի շենքի վրա հարձակում է իրականացվել։ «Ակօս»-ի փոխանցմամբ` մոտ 20 հոգուց բաղկացած խումբը քարեր է նետել պատրիարքարանի շենքի ուղղությամբ։
Հարձակման պատճառն ու մեղավորները դեռ հայտնի չեն: Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նշել է, որ դեռ հայտնի չէ՝ հարձակումը պատրիարքարանի՞ն, թե՞ դրա մոտ գտնվող անցակետին է ուղղված եղել։
Ընթանում է քննություն: Միաժամանակ նշենք, որ Թուրքիայում ներքաղաքական լարվածության ֆոնին Անկարա է պատրաստվում մեկնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Ինչպես հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆն Զայբերտը՝ Մերկելը հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ: Հանդիպման օրակարգում կլինեն ահաբեկչության դեմ համատեղ պայքարի, ինչպես նաև Սիրիայում իրադրության և փախստականների ճգնաժամի հարցը: Ավելի վաղ Մերկելը հանդես էր եկել Անկարայի ահաբեկչությունը քննադատող հայտարարությամբ: Նա կատարվածն անվանել էր «ժողովրդավարության և խաղաղության դեմ իրականացված վախկոտ քայլ»: Հատկանշական է նաև, որ օրեր առաջ նա կրկին դեմ էր հանդես եկել Եվրամիությանը Թուրքիայի լիիրավ անդամակցությանը: