ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 61-րդ նստաշրջանում հայաստանյան պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին հարցրել է հոկտեմբերի 6-ին և 7-ին ՀՀ ներխուժած թուրքական ռազմական ինքնաթիռների մասին, ինչին ի պատասխան վերջինս ասել է, որ դրա մասին տեղյակ չէ:
«Ստոլտենբերգն ասել էր, թե տեղյակ չէ: Ես նույնիսկ նկատեցի զարմանք նրա դեմքին: Խնդրեց նաև, որ այս մասին ես իրեն նամակ ուղարկեմ, որը խոստացավ ուսումնասիրել ու պատասխանել», - ասել է Պողոսյանը՝ մանրամասնելով, որ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարին հարցը տվել է ոտքի վրա՝ միջանցքում, քանի որ այնպես է ստացվել, որ զեկույցների, բանաձևերի ձևաչափով քննարկումներին հարցը չէր կարող բարձրացվել, իսկ լիագումար նիստին պատվիրակության անդամներից միայն մեկին էր հնարավորություն տրվել հարց տալու, և պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը բարձրացրել էր Սիրիային վերաբերող հարցեր:
Պողոսյանը նշել է, որ հարցը հնչեցրել է հենց այն համատեքստում, որում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը բարձրացրել էր ռուսական ինքնաթիռների կողմից Թուրքիայի տարածքը խախտելու հարցը` նշելով, թե ՆԱՏՕ-ն պատրաստ է ամեն գնով պաշտպանել իր ցանկացած անդամի տարածքը, նաև` օդային:
Պողոսյանը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարից պարզաբանում կլինի, առավել ևս, որ նոյեմբերի սկզբին կազմակերպվելու է ՆԱՏՕ-ի շաբաթը Հայաստանում: