Սիրիական հակամարտությունն աստիճանաբար փոխում է իր ընթացքը: Սիրիական բանակը ռուսական օդուժի, ինչպես նաև Հեզբոլլահի և Իրանի աջակցությամբ լայնածավալ հարձակում է նախապատրաստում Հալեպն ազատագրելու համար: Reuters գործակալությունը, հղում կատարելով իր անանուն աղբյուրներին, հայտնում է, որ հազարավոր իրանցի զինվորականներ են ժամանել Սիրիա՝ աջակցելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ցամաքային գործողություններին: Սիրիական կառավարությանը մոտ գտնվող աղբյուրն նշել է, որ Հալեպի ազատագրման մասին որոշումն արդեն կայացված է, և լայնամասշտաբ հարձակումը շուտով կսկսվի:
Նշվում է, որ իրանական ուժերի մասնակցությունը ցամաքային գործողություններում առանցքային նշանակություն է ունենալու: Որպես Սիրիայում իրանական ուժերի առկայության ապացույց նշվում է օրերս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Հոսեյն Համեդանիի սպանության փաստը Հալեպ նահանգում:
Իր հերթին, The Daily Beast գործակալությունն ընդգծում է, որ Հալեպի վրա նախապատրաստվող հարձակումն Իրանի ամենամեծ միջամտությունն է սիրիական հակամարտության 5 տարիների ընթացքում: Սա նաև Սիրիայի, Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության մասին հզոր ազդակ է:
Սիրիական ճգնաժամից առաջ Հալեպը համարվում էր Սիրիայի ամենամարդաբնակ քաղաքը: Պատմականորեն այն համարվել է սիրիական ամենակարևոր քաղաքներից մեկը: Սիրիական ճգնաժամի սկսվելուց հետո այն դարձել է գլխավոր մարտադաշտերից մեկը, որտեղ ամենատարբեր ուժեր են գործում:
Այս պահին կառավարական զորքերը վերահսկում են քաղաքի արևմտյան շրջանները, իսկ տարատեսակ խմբավորումներն, այդ թվում՝ «Իսլամական պետությունը» և այսպես կոչված «չափավոր ընդդիմությունը» ներկայացնող զինված խմբավորումներն, իրենց վերահսկողությունն են հաստատել արևելյան հատվածում: Հալեպի հյուսիսային շրջաններում շարունակվում են մարտերը տարբեր զինված խմբավորումների միջև: Վերջին շաբաթվա ընթացքում ԻՊ-ը զգալի հաջողություններ է գրանցել այս հատվածում: Հալեպի հյուսիսը նաև այն գոտիներից մեկն է, որտեղ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է իրականացնում ԻՊ-ի դեմ:
Հալեպի վրա լայնածավալ ցամաքային հարձակման մասին լուրերը հաստատում են վերլուծաբանների կանխատեսումներն, ովքերը պնդում էին, որ ռուսական ավիահարվածները նպատակ ունեն նախապատրաստել և համապատասխան պայմաններ ստեղծել ցամաքային գործողությունների համար:
Սակայն Հալեպից բացի մեկ այլ, ոչ պակաս կարևոր հարձակում է նախապատրաստվում Սիրիայում՝ Ռաքքա քաղաքի ուղղությամբ: Այն իրականացվելու է հիմնականում քրդական ուժերի կողմից՝ ԱՄՆ-ի ռազմական աջակցությամբ: Մասնագետները կարծում են, որ եթե նրանց հաջողվի գրավել ԻՊ-ի «մայրաքաղաք» համարվող այս քաղաքըն, ապա ԻՊ-ին չափազանց մեծ հարված կհասցվի, կխափանվի կազմակերպության նյութատեխնիկական մատակարաման ողջ համակարգը, արդյունքում ԻՊ-ի դիրքերը զգալիորեն կթուլանան ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում:
Եթե Հալեպի ուղղությամբ Սիրիայի, Իրանի և Ռուսաստանի գործողությունները հաջողությամբ պսակվեն, ապա կարելի է որոշակի բեկում ակնկալել սիրիական ճգնաժամում: Սա կարող է էականորեն բարձրացնել սիրիական բանակի մարտական ոգին և նոր հաջողությունների սկիզբ դառնալ: Մյուս կողմից̦ նման էական հաջողությունը մեծապես կնպաստի Ռուսաստանի և Իրանի հեղինակության աճին` հանգեցնելով Թուրքիայի սիրիական քաղաքականության վերջնական տապալմանը: