Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Աստանայում կայացել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին և Եվրասիական տնտեսական միության զարգացմանն առնչվող հարցեր: Առանձնակի ուշադրություն են հատկացվել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության՝ մասնավորապես առևտրին, ներդրումներին, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներին: «Չնայած արտաքին բարդ ուրվագծին, մեր արտահանման առաջատար ապրանքների գների անկմանը և արտարժույթի փոխարժեքի տատանմանը՝ հաջողվել է պահպանել մեր համագործակցության ակտիվությունը», - նշել է Պուտինը:
Հանդիպան արդյունքում Պուտինը և Նազարբաևը մի շարք փաստաթղթեր են ստորագրել, որոնց մեջ տնտեսական կարևորություն ունի Կասպից ծովի ավազանում նավթի համատեղ արդյունահանման վերաբերյալ համաձայնագիրը, որով սահմանազատվում է Կասպից ծովի ավազանի հյուսիսային մասը, ինչը հնարավորություն կտա երկու երկրների ընկերություններին շահագործել «Կենտրոնական» խոշոր հանքավայրը:
Ինչպես արդեն նշեցինք, Պուտինը և Նազարբաևը քննարկել են նաև ԵԱՏՄ զարգացման հեռանկարները՝ անդրադառնալով ԵԱՏՄ միջազգային հեղինակության մեծացմանը և համագործակցության շրջանակների ընդլայնմանը: «Մենք տեսնում ենք արդեն մեր շատ գործընկերներից տնտեսական միությունների միջև հարաբերությունների զարգացման վերաբերյալ առաջարկներ, նրանք ցանկություն են հայտնում համագործակցել Եվրասիական միության հետ տարբեր ձևաչափերով»,- ընդգծել է ՌԴ նախագահը։ Նազարբաևն իր հերթին համոզմունք է հայտնել, որ ԵԱՏՄ ներկայումս ճիշտ ուղղով է ընթանում. «Այսօր ԵԱՏՄ-ն ընդլայնվում է՝ ձեռք բերելով հարգանք և հեղինակություն միջազգային հարթակում: Կարծում եմ՝ մենք ճիշտ ուղու վրա ենք»,- նշել է նա:
Երկու երկրների նախագահները նաև քննարկել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի այնպիսի հարցեր, ինչպիսիք են Ուկրաինան, Սիրիան, Իրաքը և Աֆղանստանը: Պուտինը գործընկերոջն է ներկայացրել Մինսկի համաձայնագրերի իրականացման ընթացքը, Սիրիայում տեղի ունեցող զարգացումները և Ռուսաստանի ռազմական գործողությունների ընթացքը: Նազարբաևը աջակցություն է հայտնել ահաբեկչության դեմ պայքարելու համար բոլոր և հատկապես մուսուլմանակ երկրների ջանքերը համախմբելու մասին Մոսկվայի առաջարկությանը: Նազարբաևը նաև առաջարկել է «Իսլամն՝ ընդդեմ ահաբեկչության» միջազգային ֆորում գումարել:
Վաղը՝ հոկտեմբերի 16-ին, Աստանայում նախատեսված է ԱՊՀ երկրների ղեկավարների և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստեր: