Պաղեստինա-իսրայելական հարաբերությունները լարվածության հերթական փուլն են ապրում, իսկ Միացյալ Նահանգները հայտարարում է, որ մտադիր է կողմերին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ: Newsru.co.il կայքը հայտնում է, որ Սպիտակ Տունը սկսել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Պաղեստինյան ինքնավորության նախագահ Մահմուդ Աբասի հանդիպման նախապատրաստումը: Նախատեսվում է, որ նրանք պետք է հանդիպեն Հորդանանի մայրաքաղաք Ամմանում: Լրատվամիջոցները հայտնում են, որ Վաշինգտոնը կողմերին հյուրընկալելու խնդրանքով արդեն դիմել է Հորդանանի իշխանություններին:
Սպիտակ Տունը հույս ունի, որ Նեթանյահուի և Աբասի միջև կայանալիք հանդիպումը շարունակական կլինի: Ակնկալվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ևս ներկա կլինի առաջին հանդիպմանը: Ամերիկյան լրտավամիջոցներն արդեն հայտնել են Մերձավոր Արևելք Քերիի այցի մասին: Հիշեցնենք, որ Ջոն Քերիի նախաձեռնած նախորդ պաղեստինա-իսրայելական բանակցությունները 2014 թվականին տապալվեցին՝ առանց որևէ առաջընթաց գրանցելու:
Ավելի վաղ Քերին կրկին հայտարարել էր, որ Վաշինգտոնն իր բոլոր ջանքերը կենտրոնացրել է իսրայելական և պաղեստինյան կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար։ Քերին ասել էր, որ հնարավորություն է տեսնում Իսրայելի և Պաղեստինյան ինքնավարության միջև խաղաղության հաստատման համար, և դա «անհասանելի երազանք չէ»։ «Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից հետո Վաշինգտոնը կրկին կենտրոնացնելու է իր բոլոր ուժերը կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար», - ասել էր Քերին։
Նախօրեին, սակայն, Պաղեստինյան ինքնավարության նախագահը հեռուստաուղերձով դիմեց պաղեստինյան ժողովրդին` մեղադրելով Իսրայելին պաղեստինցի երեխաների սպանության մեջ: Աբասի կարծիքով հենց Իսրայելի կառավարությունն է մեղավոր լարվածության նոր ալիքի մեջ: Նա զգուշացրել է, որ ներկա իրավիճակը կարող է հանգեցնել կրոնական պատերազմի, որն իր ազդեցությունը կունենա ոչ միայն մերձավորարևելյան տարածաշրջանի, այլ ողջ աշխարհի վրա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Երուսաղեմում մի շարք ահաբեկչություններ տեղի ունեցան, որոնք լարվածության նոր ալիք բարձրացրին: