Հոլանդիայի քաղաքացիների նախաձեռնությունը երկրում ոչ պարտադիր հանրաքվե անցկացնելու Եվրոպական միության և Ուկրաինայի միջև հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ հավաքել է արդեն շուրջ 450, 000 ստորագրություն: Հանրաքվե անցկացնելու քարոզարշավը նախաձեռնել էր «Հանուն ժողովրդավարության» հոլանդական վերլուծական Ֆորումը հոկտեմբերի սկզբին:
Բանն այն է, որ նախորդ տարի՝ 2014 թ.-ին, հոլանդական օրենսդրությունը հաստատել է հակասական թեմաների շուրջ «խորհրդատվական հանրաքվեներ» անցկացնելու օրինագիծը , եթե տվյալ խնդրի շուրջ կարող է հավաքվել երկրի քաղաքացիների առնվազն 300.000 ստորագրություն:
Տվյալ դեպքում, հանրաքվեի նպատակն է խթանել քաղաքական հարաբերությունները և նպաստել Ուկրաինայի տնտեսական ինտեգրմանը, քանի որ հանրաքվեի կողմնակիցները պնդում են, որ Ուկրաինան արդեն խիստ հեռու է Ռուսաստանից և շարժվել է դեպի Արևմուտք: Իսկ ահա ծրագրի ընդդիմախոսները պնդում են, որ համաձայնագիրը հոլանդացի հարկատուների վրա միլիարդավոր եվրոներ կարժենա, և որ ԵՄ-ի ընդլայնումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Նիդերլանդների ժողովրդավարության վրա: Հանրաքվեին «ո՛չ» ասողները նաև պնդում են, որ հոլանդական խորհրդարանն այլևս իր սեփական քաղաքացիների ցանկությունները հաշվի չի առնում, այլ գործում է զուտ Բրյուսելի շահերից ելնելով:
Ի պատասխան Հոլանդիայի քաղաքացիների կողմից նախաձեռնած այս որոշմանը՝ Նիդերլանդներում գտնվող Ուկրաինայի դեսպանությունը հայտարարություն է հրապարակել, որտեղ մասնավորապես նշվում է. «Մենք գնահատում ենք հոլանդական ժողովրդի ցանկությունը հանրաքվեի միջոցով հարցը հանրային ժողովրդավարական քննարկման դնելու, և այն պարզ գիտակցությունը, որ Ուկրաինա-ԵՄ ասոցացման համաձայնագիրը կարող է օգուտ բերել ո՛չ միայն Ուկրաինային, այլև ԵՄ-ին և բուն Նիդերլանդներին»:
Ընտրական խորհուրդն այժմ պետք է ստուգի ստորագրահավաքի արդյունքները, որպեսզի համոզվի, որ ստորագրություններն իրական են, այնուհետև առաջիկա վեց ամսվա ընթացքում կարող է անցկացվել արդեն բուն հանրաքվեն: Սա նշանակում է, որ քվեարկությունն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ԵՄ-ում հոլանդական նախագահության ժամանակ, որը երկիրը ստանձնելու է հունվար ամսից:
Նման օրենքը փաստորեն լուրջ հնարավորություն կտա քաղաքացիներին արտահայտելու իրենց տեսակետները, և ծանրակշիռ ձայն ունենալու երկրում որոշումների կայացման գործընթացում: