ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինն այսօր համաձայնագիր են ստորագրել, որով նախատեսվում է Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի իրականացման համար Հայաստանին տրամադրել 40 մլն դոլարի չափով ներդրումային վարկ: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի ոռոգման համակարգերի արդիականացումը և ջրօգտագործողների միավորումների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումն է: Ծրագրով նախատեսվում է բարձրացնել ոռոգման համակարգերի արդյունավետությունը, մեծացնել ոռոգվող հողերի մակերեսը, զարգացնել կառավարչական կարողությունները, ինչպես նաև բարձրացնել ՋՕՄ տեխնիկական հագեցվածությունը և այլն:
Ծրագիրը բաղկացած է 4 հիմնական բաղադրիչներից, որոնք են` մեխանիկական ոռոգման համակարգերի փոխարինումն ինքնահոսով, հիմնական և միջտնտեսային ջրանցքների վերականգնումը, ՋՕՄ ներտնտեսային ոռոգման համակարգերի արդիականացումը և ՋՕՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը:
Գյուղատնտեսական նպատակների համար կայուն և որակյալ ջրամատակարարման ապահովումը, ինչպես նաև ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումն էապես կնպաստեն երկրում գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների աճին: