Ռուսաստանի մասնակցությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին, ինչպես և սպասվում էր, զայրացրել է Մոսկվայի արևմտյան գործընկերներին: Սակայն, առավել հետաքրքիր էր ՆԱՏՕ –ի հավատարիմ դաշնակից Թուրքիայի սուր քննադատությունը:
Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերականորեն լավ փոխգործակցությունն այլ ուղով սկսեց զարգանալ այն բանից հետո, երբ Սիրիայում ռուսական օդուժի գործողությունների ժամանակ ռուսական օդանավերը հատեցին թուրք-սիրիական սահմանը: Իսկ միջադեպի հետ կապված ՆԱՏՕ-ի արձագանքը, կարելի է ասել, միայն ավելացրեց տարաձայնությունները, ինչն էլ, ի վերջո, հանգեցրեց Էրդողանի կողմից բավական սուր հայտարարությունների. «Բոլորն էլ գիտեն Ռուսաստանի հետ մեր լավ հարաբերությունների մասին: Սակայն, եթե Ռուսաստանը կորցնի Թուրքիայի նման գործընկերոջ, ում հետ նա համագործակցում է բազմաթիվ ոլորտներում, շատ բան կկորցնի, և Մոսկվան պետք է իմանա դրա մասին»:
Էրդողանի սպառնալիքների իրական կշռի մասին եզրակացություններ անելու համար անհրաժեշտ է անդրադարձ կատարել երկու երկրների միջև առկա հարաբերություններին, որոնք հիմնված են հիմնականում տնտեսական փոխադարձ շահի վրա, ինչպես նաև սիրիական հարցի շուրջ կողմերի դիրքորոշումներին:
Ինչ վերաբերում է Թուրքիայի և Ռուսաստանի տնտեսական համագործակցությանն, ապա վերջին տարիներին Թուրքիան դարձել է ռուսական գազի երկրորդ խոշոր ներկրողը, և Թուրքիայի բնական գազի 60%-ը մատակարարվում է ՌԴ-ից: Թուրքիան Ռուսաստանից գազ գնում է երկու գազատարի միջոցով՝ արևմտյան գծի՝ 14 մլրդ խորհանարդ մետր հզորությամբ, և «Երկնագույն հոսք»-ի՝ 16 մլրդ խորհանարդ մետր հզորությամբ: Սակայն այն հանգամանքը, որ Անկարան այդքան էլ ոգևորված չէ Ռուսաստանից էներգետիկ կախվածության մեջ հայտնվելու հեռանկարով, նույնպես փաստ է: Դրա մասին է վկայում թուրքական իշխանությունների՝ դիվերսիֆիկացմանը ձգտելը, մասնավորապես Ռուսաստանից ստացվող գազը Անդրանատոլիական գազատարով (TANAP) փոխադրվող գազով փոխարինելու փորձերը: TANAP-ը նախատեսում է ադրբեջանական գազի փոխադրում վրաց-թուրքական սահմանից մինչև Թուրքիայի արևմտյան սահմաններ։
Բացի այդ, «սպառնալով» Ռուսաստանին՝ Թուրքիան հավանաբար հույս է ունեցել, որ կարող է գազ ներկրել Թուրքմենստանից կամ Իրանից կամ հավանաբար Միջերկրական ծովում գտնվող «Լևիաֆան» իսրայելական գազային հանքավայրից, որի շուրջ խոսակցություններ էին շրջանառվում, թե Թուրքիան և Իսրայելը սկսել են գաղտնի բանակցություններ վարել միմյանց հետ: Սակայն այս ամենը կարելի է ասել, որ ընդամենը ոչ հստակ նախագծեր են: Դրանց իրականացման համար դեռևս գոյություն չունեն հատուկ մշակված մեխանիզմներ և ոչ էլ բավական միջոցներ:
Անդրադառնալով Թուրքիայի՝ սիրիական հարցի շուրջ ունեցած պաշտոնական դիրքորոշմանը՝ հարկ է նշել, որ Թուրքիայի նախագահը, արևմտյան գործընկերների հետ միասին անընդմեջ հնչեցնում է այն կարծիքը, որ սիրիական հակամարտության պատճառը նախագահ Բաշար Ասադն է և կողմ է վերջինիս՝ քաղաքական դաշտը լքելուն: Այն ինչ ընդամենը մի քանի տարի առաջ, Ասադն ու Էրդողանը տարածաշրջանի ամենամեծ գործընկերն էին համարվում: Այդ ժամանակ Սիրիան, հրաժարվելով աջակցել քուրդ ապստամբներին, սկսեց ծառայել որպես տարանցիկ միջանցք թուրքական ապրանքների համար, սակայն հետագայում Արևմուտքի ճնշումն Անկարայի վրա այնքան գերակշռեց, որ Էրդողանը հայտնվեց Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի շարքերում:
Ամենայն հավանականությամբ Թուրքիայի` Ռուսաստանի դեմ ցուցաբերած ագրեսիվ պահվածքը պայմանավորված էր հենց այս հանգամանքով, որ Սիրիայում ՌԴ իշխանությունները պաշտպանում են Ասադի կառավարությանը, այն ինչ Թուրքիան կողմ է վերջինիս հեռանալուն:
Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Թուրքիան պահանջում է Սիրիայում, ինչպես նաև Իրաքում ստեղծել անվտանգության բուֆերային գոտիներ՝ սիրիացի փախստականներին տեղավորելու նպատակով։ Այսինքն՝ կարելի է ասել, որ Թուրքիան այս քայլով փորձում է նաև լուծել Մերձավոր Արևելքում գերիշխող դիրք գրավելու խնդիր: Սակայն, այսպիսի բարդ ու անորոշ քաղաքական իրավիճակում՝ մի կողմից, երբ տապալվել է «զրո խնդիր» հարևանների հետ քաղաքականությունը, իսկ մյուս կողմից՝ կորել է գործընկերների վստահությունը, հարկ է նշել, որ Էրդողանից դեռ երկար տարիներ կպահանջվեն՝ իրականացնելու համար անիրականանալին:
Իսկ ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, ապա հարկ է նշել այն հանգամանքը, որ երկու երկրների միջև երբեք էլ չեն եղել սերտ և մտերիմ հարաբերություններ: Չնայած նրան, որ Ռուսաստանն ու Թուրքիան միմյանց հետ կապված են տնտեսական հարաբերություններով՝ միևնույն է արտաքին քաղաքականության հարցերում նրանց մոտեցումները հաճախ չեն համընկնում: