Հունաստանի կառավարությունը մտադիր է Էրգելիա կղզում կազմակերպել «ամառային Դավոս»՝ միջազգային կոնֆերանս կենտրոն: Այս մասին հայտարարել է երկրի ԱԳ փոխնախարար Դմիտրիս Մարդասը:
«Մենք մտածում ենք այն արվեստների և փիլիսոփայության կենտրոն դարձնել՝ այնտեղ մեծ միջազգային կոնֆերանս կենտրոն կառուցելով, որտեղ կգումարվեն քաղաքական առաջնորդների համաժողովներ և կանցկացվեն միջազգային կոնֆերանսներ՝ ամառային Դավոսի նման», - նշել է Մարդասը:
Նրա խոսքերով՝ ծրագիրը չի նախատեսում հունական կառավարության կողմից մեծ ծախսեր, քանի որ կղզում թանկարժեք շինությունների կառուցումը հնարավոր կլինի իրականացնել ՄԱԿ-ի անդամ երկրների հաշվին: «Մենք հրավիրում ենք ՄԱԿ-ի անդամ երկրներին գալ կղզի, մենք զիջում ենք տարածքը նրանց՝ կառուցելու թանկարժեք հյուրանոցներ, ընդհանուր ենթակառուցվածք միջազգային խոշոր համաժողովների նիստերը զուգահեռաբար սպասարկելու համար, և դրա արժեքն այդքան մեծ չի լինի մեկ պետության համար», - նշել է Հունաստանի փոխարտգործնախարարը:
Ամեն տարի ձմռանը շվեյցարական Դավոս քաղաքում կայանում է Համաշխարհային տնտեսական ֆորումը, որը համարվում է աշխարհի կարևորագույն տնտեսական իրադարձությունը: Այդ միջոցառմանն ավանդաբար մասնակցում են աշխարհի խոշորագույն երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ, գործարար էլիտայի ներկայացուցիչներ: Նշենք, որ ամռանը Չինաստանի հյուսիս-արևելյան Լյոնին նահանգի Դալյան քաղաքում կայանում է նմանատիպ մեկ այլ տնտեսական համաժողով, որն արդեն ստացել է ամառային Դավոս անվանումը, սակայն այն իր ազդեցիկությամբ զիջում է ձմեռայինին:
Այնուամենայնիվ, փորձագետները կարծում են, որ եթե Աթենքի՝ «ամառային Դավոս» ստեղծելու ծրագիրը հնարավոր լինի կյանքի կոչել, Հունաստանը կարող է մեծ եկամուտներ ստանալ դրա շահագործումից, որն էլ, անշուշտ, կնպաստի երկրի տնտեսության կայունացմանը:
Երկրի տնտեսության կայունացման համար Մարդասը առաջակում է նաև ներդրումային մեկ այլ ծրագիրը՝ «Զևսի գահը», որը նախատեսում է Օլիմպոս լեռան վրա երկու հանգստյան տների վերակառուցում, դրանք իրար կապող ճանապարհի շինարարությունը և տարածքում լիարժեք լուսավորության ապահովում, ինչն ավելի գրավիչ կդարձնի այն զբոսաշրջիկների համար: Նա նաև առաջակել է ուղղաթիռային երթուղի բացել Լիտոխորոյից լեռների գագաթներում գտնվող հանգստյան տներով:
Նշենք, որ ներդրումային ծրագրեր առաջակելուն զուգահեռ հունական կառավարությունը երկրի տնտեսության վերականգնման համար իրականացնում է նաև վարկատուների պարտադրած բարեփոխումները: Այսպես, Հունաստանի խորհրդարանը հոկտեմբերի 17-ին ձայների մեծամասնությամբ հավանության արժանացրեց Աթենքի օգնության երրորդ ծրագրի շրջանակներում վարկատուների պահանջների համաձայն խիստ տնտեսման նոր միջացառումների ընդունմանը: Այն նախատեսում է սոցիալական խիստ սահմանափակումներ, այդ թվում՝ թոշակների կրճատում 10 տոկոսով, կենսաթոշակային տարիք բարձրացում մինչև 67 տարեկան և հարկերի խուսափելու համար տուգանքների մեծացում: Սա հնարավորություն կտա Հունաստանին միջազգային վարկատուներից ստանալ 2 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնության հերթական տրանշը: