Հայաստանը կարող է դառնալ առաջին երկիրը, որը սերտորեն համագործակցում է միաժամանակ և՛ Եվրասիական տնտեսական միության, և՛ Եվրամիության հետ:
Ինչպես նշում է NEWS.am-ը՝ այս մասին հայտարարել է Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի ղեկավար, լեհ փորձագետ Մատեուշ Պիսկորսկին:
Նրա խոսքով, ներկայում Հայաստանը փորձում է կառուցողական երկխոսություն վարել Եվրամիության հետ, ինչը վկայում է, որ եթե Երևանը հաջողության հասնի, ապա Հայաստանը կարող է որոշակի կամուրջ դառնալ Եվրասիական տնտեսական և Եվրոպական միությունների միջև:
«Հույս ունեմ, որ Հայաստանն իսկապես կդառնա առաջին երկիրը, որը կկարողանա միաժամանակ սերտորեն համագործակցել ինտեգրացիոն երկու կառույցների հետ: Մենք հրաշալի հասկանում ենք, որ եթե չլինեին ընթացիկ քաղաքական պատճառները, այս երկու կառույցները դատապարտված են սերտ փոխգործակցության: Հույս ունեմ, որ հայ դիվանագետները կկարողանան փոխգործակցության սխեմա մշակել, որը կհամապատասխանի երկու կառույցների շահերին և, առաջին հերթին, հենց Հայաստանի շահերին»,- ընդգծեց Մատեուշ Պիսկորսկին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարները Հայաստանի և Եվրամիության միջև բանակցություններ սկսելու մանդատ են սահմանել՝ հետագա փոխգործակցության շուրջ նոր համաձայնագիր կնքելու համար: