Հայաստանի և Եվրամիության միջև նոր իրավական շրջանակային փաստաթուղթը կներառի ոլորտային համագործակցության 28 ուղղություն: «Արմենպրես»-ի փոխանցամբ, այս մասին ասել է էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:
Նոր փաստաթուղթը ներառելու է ԵՄ-ի հետ համագործակցության բոլոր ոլորտներն ու ուղղությունները: «Տնտեսական առումով նոր համաձայնագրում մի շարք կետեր չեն լինի: Օրինակ, մաքսատուրքերի հետ կապված նախկին պայմաններն ու պայմանավորվածությունը չի լինի: Տարիֆային արտոնություն նոր համաձայնագրում չի ներառվի ո՛չ ազատ առևտրի բաղադրիչի տեսքով, ո՛չ մասամբ, ո՛չ ամբողջությամբ: Մաքսատուրքերի զրոյացում նոր համաձայնագրում նույնպես չի լինի»,- ասել է Գարեգին Մելքոնյանը` հավելելով, որ պատճառն այն է, որ Հայաստանն արդեն ԵԱՏՄ անդամ է և չի կարող առանձին, տարբերվող մաքսատուրքերի վերաբերյալ բանակցել այլ միության հետ:
Մելքոնյանն ասել է, որ դա նորմալ իրավիճակ է, քանի որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը ներառում է մի շարք պարտավորություններ և նույնը իրավիճակը նաև ԵՄ-ում է, և ԵՄ անդամ որևէ պետություն չի կարող առանձին անհատական բանակցություններ վարել որևէ պետության հետ տնտեսության կամ մաքսատուրքերի հետ կապված:
Տնտեսական մասով նոր փաստաթղթում կներառվի համագործակցությունը գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանության, արդյունաբերական քաղաքականության, հանքարդյունաբերության, ձկնորսության, էներգետիկայի, տուրիզմի, գյուղատնտեսության, տրանսպորտի հարկային քաղաքականության և այլ ոլորտներում:
«Այն ինչ կար նախկին համաձայնագրում կլինի նաև այս համաձայնագրում, թեմաները նույնպես չեն փոխվելու»,- ասաց Մելքոնյանը` հավելելով, որ Հայաստանը հույս ունի, որ մինչև տարեվերջ բանակցությունների մեկնարկը կտրվի: