Մերձավոր Արևելքում իրադարձություններն արագ են զարգանում: Ընդամենը երկու օր առաջ տեղեկատվություն տարածվեց, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կնքված Սիրիայում թռիչքների անվտանգության մասին հուշագիրը մտել է ուժի մեջ, իսկ արդեն երեկ տեղեկանում ենք Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար ալ Ասադի Մոսկվա կատարած անակնկալ այցի մասին:
Այցի հիմնական նպատակի վերաբերյալ դատողություններ անելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ հիմնական գործոնների վրա. այցի մասին նախապես տեղեկատվություն չի տարածվել, Սիրիայի նախագահի այցը Մոսկվա տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ, և ինչպես երևում է Կրեմլի կողմից տարածված պաշտոնական հայտարարության տեքստից, հանդիպման ընթացքում Սիրիայում ռուսական կողմի ռազմական գործողություններից զատ հիմնական շեշտը դրվել է Սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման վրա, որը, ինչպես ՌԴ նախագահը ինքն է փաստել, կապահովի խնդրի երկարաժամկետ լուծումը:
Այն, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված այցի մասին նախապես որևէ մեդիա արշավ չի կազմակերպել, նախևառաջ կարելի է բացատրել Ասադի անվտանգությունը ապահովման խնդրով:
Չնայած արևմտյան լրատվամիջոցները պնդում են, թե Ասադի մոսկովյան այցը հետապնդել է Սիրիայում ռուսական գործողությունները գովազդելու և լեգիտիմացնելու նպատակ, այնուամենայնիվ, չենք կարող բացառել, որ դա ռուսական կողմի համար առնվազն առաջնային խնդիր չի եղել:
Ըստ էության, ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած այցի ժամանակ կողմերը հետապնդել են մեկ հիմնական նպատակ. խնդրի ռազմական կարգավորմանը զուգահեռ քաղաքական կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկելուց առաջ ճշտել ժամացույցները: Այլ կերպ ասած դաշնակիցներին անհրաժեշտ է եղել հասկանալ, որոնք են այն կարմիր գծերը և հնարավոր զիջումները, որոնց կողմերը կարող են գնալ՝ Արևմուտքի և Մերձավոր Արևելքի այլ երկրների հետ քաղաքական բանակցություններից հնարավորինս շահեկան դուրս գալու համար:
Այս առումով պատահական չէ և հենց այս նպատակի համատեքստում է բացատրվում այն, որ հանդիպումից անմիջապես հետո, ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել տարածաշրջանի մի շարք երկրների առաջնորդների հետ: Սրանով է բացատրվում նաև ուրբաթ օրը նախատեսված ՌԴ արտգործնախարար Սերգել Լավրովի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ինչպես նաև Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների հետ` քննարկելու սիրիական խնդիրը: Հաշվի առնելով ռուս-սիրիական նոր պայմանավորվածությունները՝ չեն կարող բացառել, որ շուտով ականատես կլինենք փոփոխությունների նաև հակամարտությունում ներգրավված արևմտյան երկրների և նրանց տարածաշրջանային դաշնակիցների մարտավարությունում:
Ուստի, հետևելով իրադարձությունների զարգացմանը, կարող ենք փաստել, որ Սիրիական հակամարտության կարգավորման գործընթացը ռազմականին զուգահեռ մտնում է խնդրի քաղաքական կարգավորման նոր փուլ, որի նախապատրաստական աշխատանքների համատեքստում էլ պետք է դիտարկել Սիրիայի նախագահի այցը Մոսկվա: