Մեր նպատակը ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրում հնարավորինս լայն գործակցության ոլորտներ ընդգրկելն է. Մելքոնյան

11:35     22 հոկտեմբերի, 2015

Հայաստանի և ԵՄ միջև իրավական նոր փաստաթուղթ է ստորագրվելու: Այս մասին ասել է էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը՝ անդրադառանալով Եվրոպական հանձնաժողովի՝ ՀՀ-ի հետ բանակցություններ սկսելու մանդատ ստանալուն:

«Դեռ տարեսկզբին ԵՄ համապատասխան կառույցների հետ մասնագիտական քննարկումներ էին ընթանում՝ ուրվագծելու ստորագրվելիք պայմանագրով գործակցության շրջանակը»,- ասել է փոխնախարարը, մեջբերում է Panorama.am-ը:

Փոխնախարարը մանրամասնել է, որ ստորագրվելիք փաստաթղթում հնարավոր չի լինի ներառել տարիֆային մասը, որը ենթադրում էր փոխադարձ զրոյական մաքսատուրքերի կիրառում:

«Ազատ և համապարփակ առևտրի համաձայնագրում նախատեսված մնացած հարցերը՝ մտավոր սեփականության պաշտպանության, որակի ենթակառուցվածք, թափանցիկություն, մրցակցություն, մաքսային կարգավորման հարցեր և այլն ներառվելու են, սակայն այստեղ փոփոխություններ կարող են լինել», - ասել է Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ քննարկումների արդյունքում այսօր կա ընդհանուր ընկալում, թե ինչի շուրջ են խոսելու և նոր համաձայնագրում ինչ կարելի է ներառել:

«Ասոցացման համաձայնագրում կար քաղաքական, իրավական, տնտեսական մաս, դրանից բացի կար նաև խոր և համպարփակ առևտրի համաձայնագիրը: Մեր նպատակը եղել է հնարավորինս ընդգրկուն և լայն ընդգրկել գործակցության ոլորտները, միաժամանակ ուշադիր լինել, որ չլինեն այնպիսի ձևակերպումներ, որոնք կհակասեն Հայաստանի՝ այլ միջազգային ֆորմատներում ստանձնած պարտավորություններին»,-ասել է Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ ոլորտային գործակցություն է լինելու 28 ուղղությունով:


© armedia.am