Ներկայացնում ենք «Արմեդիա» ՏՎԳ բացառիկ հարցազրույցը թուրք մտավորական, գրող-հրապարակախոս, ակտիվիստ Սաիթ Չեթինօղլուի հետ:
- Ինչպե՞ս կգնահատեք Թուրքիայում նախընտրական քաղաքական իրավիճակը: Ի՞նչ կասեք հասարակական տրամադրությունների մասին:
- Նոյեմբերի 1-ին վերստին կայանալիք ընտրությունները կարելի է անվանել Էրդողանի «գոյատևման ճակատամարտ»: Նախքան ընտրությունները կատարված հասարակական հարցումների արդյունքներից արդեն պարզ է, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները չեն փոփոխվելու:
Թուրքիայի հասարակությունը արտացոլում է Էրդողանի կողմանկիցների և իր կուսակցության (AKP), ծայրահեղ ազգայնականների (MHP), քեմալական ազգայնամոլների (CHP) և քուրդ ազգայնականների (HDP) միջև մասնատված իրավիճակը:
Հունիսի 7-ի ընտրությունները, նախագահական նոր համակարգ ստեղծելու և «Fujimori»ի նման քաղաքացիական հեղաշրջում կատարելու ոգևորվածությունը վերացնելով՝ վերջապես բացահայտեց Էրդողանի և նրա կուսակցության (AKP) անկումը: Նոյեմբերի 1-ին վերստին կայանալիք ընտրությունների արդյունքները կլինեն սրա վերահաստատումը: Որևէ նոր բան տեղի չի ունենա:
Այս պատճառով Էրդողանի կուսակցության համար հիմա առաջնահերթ մտահոգություն է պահպանել ներկա ընտրազանգվածը: Եթե հունիսի 7-ի ընտրություններում AKP-ի ընտրազանգվածից ձայներ ստացած HDP-ն ավելացնի իր ձայներն այս ընտրություններին, ապա սա Էրդողանի համար ճակատագրական և մահացու կլինի:
Ներկայիս լարված և պատերազմական իրավիճակում Էրդողանի կուսակցությունը կարող է ազգայնական շրջանակներից ձայն ստանալու հույս ունենալ, սակայն դրա իրականացումը շատ դժվար է: Թուրքիայի հասարակության առնվազն 60 տոկոսի համար Էրդողանի հեղինակությունը զրոյի է հավասարվել:
Էրդողանի ռազմավարությունն այժմ հակառակորդ կուսակցությունների ոտքերից ներքև քաշելն է: Ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, այս անգամ նույնպես երկու ազգայնական կուսակցությունները կաջակցեն միմյանց՝ ընդդեմ Էրդողանի: Սա առանձին հարված կլինի նույնիսկ մեկ ձայնի կարիքն ունեցող AKP-ի դեպքում:
Իհարկե, սա կիրականանա միայն այն դեպքում, եթե ընտրախախտումներ, կեղծիքներ և քվեների կազմակերպված գողություն չլինի:
Ժողովրդի մեծամասնությունը դիմադրում է Էրդողանի և նրա կուսակցության շանտաժներին: Թե՛ «Գեզի» զբոսայգու ցույցերի ժամանակ, թե՛ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում Էրդողանը պարտության մատնվեց: Հոգեբանական առավելությունն անցել է Էրդողանի հակառակորդներին:
2014թ.-ի դեկտեմբերի մեծ կաշառակերության բացահայտման դեպքը Էրդողանին խուճապի մատնեց, սակայն չկարողացավ «Գեզի» զբոսայգու ցույցերի նման ցասում առաջացնել:
Եթե աշխարհի ցանկացած երկրում այս դեպքի նման բացահայտում արվեր, կառավարությունն անկասկած բջիջների կբաժանվեր: Սակայն, ահավասիկ, Էրդողանի իշխանությունը բռնությամբ շարունակվում է:
Ցեղասպանության, զանգվածային գողության և հափշտակման իրողության վրա հիմնված և որպես հետևանք կայացած ներկա հասարակությունը օտար չէ ֆաշիզմին, ազգայնականությանն ու հետադիմությանը: Թուրքիայի խնդիրները խորապես կապված են 1915 թ.-ի Ցեղասպանության հետ:
- Վերջերս շատ է բարձրաձայնվում Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների մասին: Որքանո՞վ են դրանք լուրջ և ի՞նչ ազդեցություն կունենան ընտրությունների վրա:
- Մարդու իրավունքների ոտնահարումները մեծ անհանգստության առիթ չեն միջին շերտի հասարակության համար, քանի որ Թուրքիայում քաղաքացիական գիտակցությունը խիստ ցածր է: Երանի թե դրանք ազդեին ընտրությունների վրա: Այդ դեպքում հնարավոր կլիներ ստեղծել կատարյալ միջավայր:
Անկարայի` հոկտեմբերի 10-ի սպանդը աճող զանգվածային սպանությունների գագաթնակետն էր, ինչի հետևանքով ավելի քան 100 մարդ մահացավ: Մադրիդում 2004 թվականին գնացքի պայթյունից մահացավ 200 մարդ, որից հետո երկրի վարչապետ Ազնարը չքվեց քաղաքական ասպարեզից: Նման մադրիդյան զարգացումներ կարելի էր ակնկալել, սակայն գիտակցության մակարդակով հասարակությունները տարբեր են, հետևաբար Իսպանիայի օրինակին հնարավոր չէ հասնել:
Ինչպե՞ս բացատրել այն երևույթը, երբ կոտորածների նկատմամբ պատասխանատվություն չստանձնող պատասխանատուները հրապարակավ՝ հանրության առջև, զանգվածային սպանությունները ներկայացնում են որպես հերթական միջադեպ և դրա մասին խոսում են այնքան հեշտությամբ, կարծես նման դեպք չի պատահել:
- Հնարավո՞ր է, որ այս անգամ էլ Թուրքիան նույն իրավիճակի առջև կանգնի, ինչ նախորդ ընտրությունների ժամանակ, և հնարավոր չլինի կազմել կոալիցիա:
- Հավանական է, որ նոյեմբեր 1-ի ընտրությունների արդյունքները լինեն նույնը, սակայն ի տարբերություն նախորդի՝ հնարավոր է, որ կազմվի AKP-MHP կոալիցիա: Այնուամենայնիվ, այս կոալիցիայի գործունեության երկարատև լինելու հնարավորությունը շատ փոքր է:
Արևմուտքը նախընտրում է, որ Էրդողանը հեռանա ժողովրդավարական ճանապարհով: Վերջերս շրջանառվող հինգերորդ կուսակցության մասին խոսակցությունները սրա դրսևորումներից մեկն են, քանի որ նշված կուսակցությունը կհիմնադրվի AKP-ից դուրս եկած մի խմբի կողմից:
Եթե կոալիցիա չստեղծվի, և Էրդողանը ժողովրդավարական ճանապարհով չհեռանա, կմնա միայն Եգիպտոսի Ալ-Սիսիի տարբերակը:
Թուրքիան կրկին շարժվում է դեպի նոր մղձավանջ: