Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում 2016 թվականին տեղական ընտրությունները կարող են անցկացվել առանց ուկրաինական կողմի մասնակցության, քանի որ Ուկրաինայում նախօրեին տեղի ունեցած ընտրություններն անցել են խախտումներով, այդ թվում նաև ըստ ԵԱՀԿ չափորոշիչների: Այս մասին հայտարարել է ԼԺՀ ղեկավար Իգոր Պլոտնիցկին: «Մենք տեսնում ենք, որ Ուկրաինան չի կարողանում կամ չի ցանկանում հետևել ԵԱՀԿ չափորոշիչներին իր սեփական տարածքում: Մենք մեր ընտրություններն ինքներս կանցկացնենք՝ համաձայն ԵԱՀԿ չափորոշիչների՝ ԵԱՀԿ Մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների բյուրոյի դիտարկմամբ», - հայտարարել է Պլոտնիցկին:
Կիրակի՝ հոկտեմբերի 25-ին, Ուկրաինայում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութուններ, որոնց արդյունքում պետք է ընտրվեն 358 քաղաքների ղեկավարներ, ինչպես նաև մարզային և շրջանային խորհուրդների պատգամավորներ: Ընտրությունների արդյունքները պետք է որոշվեն մինչև նոյեմբերի 4-ը և հրապարակվեն 5 օրվա ընթացքում, իսկ երկրորդ փուլի դեպքում դրանք պետք է անցկացվեն նոյեմբերի 20-ից ոչ ուշ:
Նշենք, որ նախնական արդյունքների համաձայն՝ ընտրությունների երկրորդ փուլը միանգամայն հավանական է Լվովում, Օդեսայում, Դնեպրոպետրովսկում և Կիևում: Այսպես, Կիևի քաղաքապետի պաշտոնում առաջատարը ներկայիս քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոն է, ով ստացել է ընտրողների ձայների 40 տոկոսը, սակայն դա բավարար չէ առաջին փուլում հաղթանակի համար: Նշենք, որ քաղաքային խորհրդում առաջատարը Պյոտոր Պորոշենկոյի «Համերաշխություն» բլոկն է: Դնեպրոպետրովսկում քաղխորհրդի ընտրություններում առաջատարն ուկրաինացի գործարար Իգոր Կալամոյսկիի "Укроп" կուսակցությունն է, Զապորոժեյի քաղաքային խորհրդում՝ «Ընդդիմադիր բլոկ»-ը:
Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցության ցուցանիշը կազմել է 46.62 տոկոս, ընդ որում՝ նվազագույն մասնակցությունը գրանցվել է Դոնեցկում (31,65%):
«Հենարան» քաղաքացիական ցանցը, որի ներկայացուցիչները հետևել են ընտրությունների ընթացքին, արձանագրել են մոտ 1200 ընտրախախտում: Նշվում է, որ ամենազանգվածային խախտումները վերաբերել են քարոզչությանը, ընտրողներին կաշառելուն և ընտրական հանձնաժողովների աշխատանքին:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ երկրի ողջ տարածքով չեն բացվել 237 ընտրատեղամասեր, որոնցից 235-ը Մարիուպոլում և Կրասնոարմեյսկում, երկուսը՝ Սումախում: Նշենք, որ Մարիուպոլում ընտրատեղամասեր չեն հասցվել ընտրաթերթիկները, իսկ Կրասնոարմեյսկում դրանք անվավեր են ճանաչվել, քանի որ տպագրված են եղել մասնավոր տպարանում: Արդյունքում երկու քաղաքներում էլ ընտրութունները չեն կայացել: Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի հանձնարարությամբ Գերագույն Ռադան Մարիուպոլում մինչև այս տարվա վերջ ընտրությունների նոր օր կնշանակի, իրավապահ մարմինները կհետաքննեն ընտրությունների խափանման պատճառները:
Նշենք, որ ընտրությունները չեն անցկացվել Դոնեցկի և Լուգանսկի այն շրջաններում, որոնք գտնվում են ԴԺՀ և ԼԺՀ վերահսկողության տակ, ինչպես նաև Կիևի վերահսկողության տակ գտնվող Դոնեցկի 91 և Լուգանսկի 31 բնակավայրերում: Ուկրաինական իշխանությունների հավաստիացումներով այդ բնակավայրերում հնարավոր չէր ապահովել ընտրողների և ընտրահանձաժողովների անդամների անվտանգությունը: