Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը̦ երկրի ներսում պատերազմ սկսելով քրդերի դեմ̦ ընդդիմանում է նաև Սիրիայում քրդական ուժերի ամրապնդմանը: Թուրքիայի սահմանի մոտ գտնվող սիրիական Թել Աբյադ քաղաքում քրդական ինքնավարության հռչակումը Թուրքիայի կողմից բուռն արձագանքի պատճառ է դարձել: Երկրի Ազգային անվտանգության խորհուրդը քննադատել է Սիրիայում քրդական անկլավի հռչակումը` կոչ անելով միջազգային հանրությանը Սիրիայի քրդական զինված ուժերին ներառել ահաբեկչական խմբավորումների շարքում̦ հայտնում է Kurdistan.ru կայքը:
Անվտանգության խորհրդի նիստն ընթացել է Էրդողանի նախագահությամբ: Նիստին մասնակցել են նաև վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Թուրքական իշխանությունները պահանջում են Սիրիայի Դեմոկրատական միություն կուսակցությունը (PYD) ճանաչել որպես թուրքական Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) թև̦ որն ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն:
Իրականում քրդերն ընդլայնել են իրենց կիսաինքնավար շրջանը Սիրիայի հյուսիսում` Թել Աբյադ քաղաքում հայտարարելով նոր վարչակազմի ձևավորման մասին: Քրդական ուժերը քաղաքն ԻՊ-ից ազատել են այս տարվա ամռանը: Քուրդ գործիչներն AFP-ին հայտնել են̦ որ այս քայլը չի ենթադրում Թել Աբյադի` որպես անջատ շրջանի հռչակում̦ սակայն կարող է հանգեցնել դրան̦ եթե փորձը հաջող լինի:
Նշենք̦ որ 2013 թվականին քրդերը հայտարարեցին կիսաինքնավար վարչակազմի հաստատման մասին հիմնականում քրդաբնակ 3 շրջաններում` Աֆրինում̦ Ջազիրայում և Քոբանիում: Քուրդ գործիչներն ասում են̦ որ Թել Աբյադն այս պահին դեռևս չի կարող համարվել ինքնավար շրջան մյուս երեքի նման̦ քանի որ ռեսուրսներ և անկախ ոստիկանական ուժեր չունի:
Այս ֆոնի վրա Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին՝ Սիրիայում իրականացվող իրենց քաղաքականության համար: Գաղտնիք չէ̦ որ Թուրքիան պահանջում է Սիրիայի նախագահի հրաժարականը̦ այդ պատճառով էլ խիստ արձագանքեց Մոսկվայում Ասադի հյուրընկալմանը: Սակայն ԱՄՆ-ի քաղաքականության քննադատությունը̦ թերևս̦ նոր երևույթ է: Անկարան դժգոհ է ̦ որ Միացյալ Նահանգներն աջակցում է Սիրիայում կռվող քրդական ուժերին: «Ես հստակ ասում եմ̦ որ PYD-ն ահաբեկչական կազմակերպություն է: Բայց նրանք ասում են ոչ̦ այն քաղաքական կազմակերպություն է»̦ - Էրդողանի հայտարարությունը մեջբերում է թուրքական Hurriyet Daily News-ը: Էրդողանն ընդգծել է̦ որ սիրիական PYD-ի շարքերում PKK 1400 անդամ կա:
Թուրքիայի նախագահը զգուշացրել է̦ որ մտադիր չէ թույլ տալ այս երկրներին փոխել իրավիճակը Սիրիայի հյուսիսում̦ քանի որ սա կարող է սպառնալ Թուրքիայի անվտանգությանը: «Մենք ևս հստակ քայլեր կձեռնարկենք̦ և այս խնդիրը կդառնա նաև աշխարհի և Եվրոպայի խնդիրը»̦ - սպառնացել է Էրդողանը:
Հիշեցնենք̦ որ վերջին տեղեկությունների համաձայն Միացյալ Նահանգները ռազմական օգնություն է տրամադրում Սիրիայի քրդական զինված ուժերին̦ որի նպատակն է լայնածավալ հարձակում կազմակեպել ԻՊ-ի մայրաքաղաք համարվող Ռաքքա քաղաքի վրա: