Վրաստանի սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն երկրի քաղաքացիներն այլևս քրեական պատասխանատվության չեն ենթարկվի մարիխուանա օգտագործելու համար:
Սահմանադրական դատարանը բեկանել է 65 գրամ մարիխուանա ձեռք բերելու համար դատապարտված Բեկա Ցիկարիշվիլիի գործով վճիռները: 2013 թվականին նա ձերբակալվել էր 70 գրամ մարիխուանա գնելուց հետո: Ցիկարիշվիլիին սպառնում էր 7-14 տարի ազատազրկում: Ըստ վրացական օրենսդրության՝ նման դատավճիռ է նախատեսվում 50 գրամից ավել մարիխուանա ունենալու համար:
Դատարանը որոշել է, որ մարիխուանա օգտագործողներն ու այն վաճառողներն այսուհետ պետք է տարբեր կերպ պատժվեն, և սպառողի համար ազատազրկումն անընդունելի դատավճիռ է: Նշենք, որ Ցիկարիշվիլիի գործը Վրաստանում բողոքի մեծ ալիք էր բարձրացրել: 2013-ից ի վեր մարիխուանայի ապաքրեականացման պահանջով մի քանի բողոքի ցույց է տեղի ունեցել: