Եվրահանձնաժողովը մինչև 2016 թվականի գարուն կմշակի Եվրամիությունում ապաստան տրամադրելու վերաբերյալ Դուբլինյան համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին առաջարկություն, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը:
Դուբլինի համաձայնագիրը ստորագրվել է 1990 թվականին: Այն սահմանում է Եվրամիության անդամ պետությունների պատասխանատվությունն ապաստան տրամադրելու հայտերի ուսումնասիրության հարցում՝ խուսափելու համար այնպիսի իրավիճակներից, երբ հայտատուն ապաստան է խնդրում միաժամանակ ԵՄ մի քանի երկրներից:
Այսպես, ապաստան տրամադրելու մասին հայտ պետք է ներկայացվի ԵՄ անդամ այն երկրների իշխանություններին, որտեղ ապաստան հայցողն առաջինն է ժամանել (եթե չկան ընտանեկան կամ մարդասիրական հիմքեր): Եթե հայցը ներկայացրած անձը տեղափոխվում է ԵՄ մեկ այլ պետություն, նրան կարող են արտաքսել առաջին մուտքի երկիր:
Այս կետի պատճառով շատերը հանդես են գալիս Դուբլինյան կանոնների քննատադությամբ, քանի որ այն շատ ավելի մեծ պատասխանատվություն է դնում սահմանային երկրների (օրինակ՝ Իստալիա, Հունաստան, Հունգարիա) վրա ապաստան հայցածների համար: ԵՄ սահմանային երկրների կողմից Դուբլինյան կանոնների քննատադությունն էլ ավելի կոշտացավ ԵՄ միգրացիոն ճգնաժամի ֆոնին, քանի որ սահմանային երկրները չեն կարողանում դիմակայել միգրանտների հոսքին:
Նշենք, որ ըստ ԵՄ օրենքների, Դուբլինյան համաձայնագիրը կարելի է վերանայել, երբ անդամ մեկ կամ մի քան երկրներ առճակատվել են երրորդ երկրներից քաղաքացիների հանկարծակի ներհոսքի հետ: Նման իրավիճակում ԵՄ Խորհուրդը Եվրահանձնաժողովի առաջարկով կարող է ժամանակավոր միջոցներ ընդունել, որոնք ուժի մեջ կմտնեն Եվրախորհրդարանում խորհրդակացություններից հետո:
Ըստ Փախստականների հարցերով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի վարչության տվյալների՝ այս տարի ավելի քան 800 հազար մարդ փախստականի կարգավիճակի ստանալու հայտ է ներկայացրել եվրոպական երկրներ, ինչը կրկնակի գերազանցում է անցած տարվա ցուցանիշը։
«Եվրոպական 38 երկրում փախստականի կարգավիճակի ստացման հայտերի ընդհանուր թիվն այս տարի միջինը տատանվում է ամսական 60-115 հազարի սահմանում։ Անցած տարի հունվարից օգոստոս Եվրոպայում ապաստանի կարիք է ունեցել 397 հազար մարդ, այս տարվա նույն ժամանակահատվածում նման պահանջով եվրոպական պետությունների իշխանություններին է դիմել արդեն 834 հազար մարդ»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ ԵՄ ժամանող փախստականները հիմնականում ապաստանի դիմում են ներկայացնում սահմանային երկրներում, որոնք չեն հասցնում քննարկել դրանք: Վերջիններս պահանջում են, որ Բրյուսելում մշակեն համապատասխան մեխանիզմներ՝ այս խնդիրը կարգավորելու համար, իսկ մինչ այդ փակում են իրենց սահմանները միգրանտների համար:
Գերմանիան օգոստոսին միակողմանի դադարեցրել էր Դուբլինյան համաձայնագրի գործողությունը սիրիացի փախստականների համար: Սակայն նման «զոհողությունների» ոչ բոլոր եվրոպական երկրներ են պատրաստ գնալ: Եվրոպայում դեռևս չեն կարողանում համաձայնեցնել միգրանտների բաշխման քվոտաները: Եվրոպական մի քանի երկրներ, մասնավորապես՝ Ֆրանսիան, Ավստրիան և Բելգիան, նույնիսկ հայտարարել էին Շենգենյան համաձայնագրի վերանայման հնարավորության մասին՝ առաջարկելով վերականգնել ԵՄ ներքին սահմանների վերահսկողությունը:
Նշենք, որ ներկայումս ներքին սահմանային հսկողությունը թույլատրվում է վերականգնել առավելագույնը երկու ամսով՝ պետական քաղաքականության կամ ազգային անվտանգության պատճառներով: