ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
«Հայաստանը ողջունում է Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական ընդլայնումը վկայում է, որ մարդկության դեմ իրականացված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և Հայոց ցեղասպանությունից նույնիսկ հարյուր տարի անց մարդկությունը շարունակում է ճանաչել և ատապարտել այդ ոճրագործությունը։ Այս քայլով Պարագվայի Սենատը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում», - ասվում է նախարարի հայտարարության մեջ: