Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Մոլդովայում մեկնարկում են խորհրդարանական նոր մեծամասնության և կառավարության ձևավորման վերաբերյալ բանակցությունները: Փորձագետները ամենահավանականը համարում են Դեմոկրատական կուսակցության և ձախերի միջև կոալիցիայի ձևավորումը, ընդ որում՝ նշում են, որ վարչապետի պաշտոնում թեկնածուն կրկին կառաջադրվի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից, որը խորհրդարանի ամենամեծ քաղաքական ուժն է: Մոլդովայի խորհրդարանը նախօրեին ազատ արձակեց մոտ երեք ամիս առաջ նշանակված Վալերի Ստրելեցի գլխավորած կառավարությանը:
Եվրոպամետ կառավարությանը անվստահության քվե հայտնելու մասին բանաձևի օգտին քվեարկել է երկրի խորհրդարանի 101 պատգամավորներից 65-ը: Կառավարության հրաժարականը պահանջել էին ընդդիմադիր Սոցիալիստների կուսակցությունը և Կոմունիստների կուսակցությունը, որոնք խորհրդարանում ունեն 45 մանդատ(101-ից): Նման պահանջի պատճառը վարչապետի և կառավարության կոռումպացվածության վերաբերյալ կասկածներն էին:
Ընդդիմության հետ միասին գործող կառավարությանն անվստահություն են հայտնել նաև իշխող եվրոպամետ կոալիցիայի մեջ մտնող Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները: Կոալիցիայի մեջ մտնող մյուս կուսակցությունների պատգամավորները քվեարկության ժամանակ ձեռնպահ են մնացել:
Իշխող եվրոպամետ կոալիցիայում պառակտումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ խորհրդարանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեց նախկին վարչապետ Վլադ Ֆիլատին, ով կասկածվում է կաշառակերության և Մոլդովայի բանկային համակարգից 1 մլրդ եվրոյի անհետացմանը մասնակից լինելու մեջ:
Կառավարության հրաժարականը տեղի ունեցավ Քիշնևում արդեն երկու ամիս շարունակվող հակակառավարական բողոքի ակցիայի ֆոնին: Մոլդովացիները պահանջում են ոչ միայն կառավարության, այլ նաև նախագահի հրաժարականը, արտահերթ ընտրությունների անցկացում և 1 մլրդ եվրոյի անհետացման հետաքննություն: Նշենք, որ ցուցարարների շարքերում ևս միասնություն չկա: Այսպես «Արժանապատվություն և ճշմարտություն» քաղաքացիական պլատֆորմը հանդես է գալիս եվրաինտեգրման աջակցությամբ, իսկ սոցիալիստները և «Մեր կուսակցության» աջակիցները՝ մոլդովական պետականության և Ռուսաստանի հետ մերձեցման աջակցությամբ:
Ավելացնենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Մոլդովայում արդեն երկրորդ կառավարության հրաժարականը կարող է երկիրը կանգնեցնել տնտեսական լուրջ խնդիրների առաջ: Ինչպես նշել է արդեն նախկին վարչապետ Վալերի Ստրելեցը, կառավարության հրաժարականը Մոլդովայի համար նշանակում է բյուջեի արգելափակում, քանի որ քաղաքական անկայունության պայմաններում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ֆինանսավորման համաձայնագրի ստորագրումը և Ռումինիայից վարկային առաջին տրանշի փոխանցումը դառնում են անհնար: