OXI DAY հիմնադրամն ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսին է շնորհել Battle of Crete Award մրցանակը՝ 2015 թվականին հանուն ազատության ու ժողովրդավարության մղած խիզախ պայքարի անվանակարգում:
Contact.az-ի փոխանցմամբ՝ Հիմնադրամի հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Մենք հավատում ենք, որ Դուք, ինչպես 2012 թվականի հաղթող Աուն Սան Սու Ջին, իրական խիզախության օրինակ եք։ Ձեր թեկնածությունն այս մրցանակին ներկայացրել է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ղեկավար Կարլ Գերշմանը:
Մենք հույս ունենք, որ ողջ աշխարհի ուշադրությունը Ձեր և Ձեր ամուսնու անօրինական ձերբակալության հանդեպ այդ ամենին վերջ կդնի, և դուք կմասնակցեք Ձեր պատվին կայանալիք միջոցառմանը»:
Մրցանակը հանձնվել է Լեյլա և Արիֆ Յունուսների դստերը՝ Դինարա Յունուսին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին ամուսինները դատապարտվել են համապատասխանաբար 8,5 և 7 տարվա ազատազրկման։ Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել ադրբեջանական Քրեական օրենսգրքի 178.3.2 հոդվածով (խարդախություն, որի հետևանքով խոշոր չափի վնաս է հասցվել)։ Լեյլա Յունուսը մեղավոր է ճանաչվել նույն հոդվածով, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրության, հարկերը վճարելուց խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեղադրանքներով։