Դրական եմ գնահատում Սահմանադրական հանրաքվեի շուրջ ընթացող գործընթացը: Tert.am-ի հետ զրույցում նշել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
«Լավ է, որ ստեղծվել են «այո»-ի և «ոչ»-ի ճամբարներ, որովհետև ցանկացած նմանատիպ իրադարձության ժամանակ ամենակարևորն այն է, որ հնչեն տարբեր փաստարկներ՝ թե՛ կողմ, թե' դեմ»,- ասել է Դ. Հարությունյանը:
Վերջինիս խոսքով` ինքը` որպես Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ով մշակել է նախագիծը, հնչած մտահոգությունների գերակշիռ մասի հետ համամիտ չէ:
Դիտարկմանը, թե Սահմանադրությանը «ոչ» ասողները անհանգստացած են 89-րդ հոդվածով՝ նշելով, որ կայուն մեծամասնության մասին դրույթը հանգեցնելու է միակուսակցական համակարգի ամրապնդմանը, Դավիթ Հարությունյանն ասել է. «Դա կնպաստի խորհրդարանական մեծամասնության ձևավորմանը, ինչը ոչ թե բացասական երևույթ է, այլ դրական, եթե դա իրականացվում է ճիշտ: Բազմաթիվ երկրներ դրա իրականացման համար որոնել են տարբեր մեխանիզմներ՝ սկսած ընտրական շեմը բարձրացնելուց, մինչև լրացուցիչ պրեմիաներ սահմաննելը և այլն: Կարծում եմ, որ մեզ հաջողվել է գտնել լավագույն մեխանիզմը: Սրա նպատակն է, այո', ձևավորել խորհրդարանական մեծամասնություն: Իսկ կարծիքները, թե սա կհանգեցնի միակուսակցականությանը, բացարձակ անգրագիտություն են: Դա հասկանալու համար պետք չէ շատ լավ տիրապետել քաղաքագիտությանը: Բավական է տիրապետել առաջին կուրսի գիտելիքներին»: