ԱՄՆ-ն անհանգստացած է Ադրբեջանում նոյեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակով, հայտնել է Պետդեպի ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրյուդոն, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք ցավում ենք, որ Ադրբեջանի կառավարությունը թույլ չի տվել ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակին անհրաժեշտ քանակությամբ դիտորդներ ուղարկել, ինչի արդյունքում կառույցը չի կարողացել հետևել ընտրություններին։ Առանց դրա մենք չենք կարող ասել, թե արդյոք Ադրբեջանն առաջընթաց գրանցել է ընտրությունների անցկացման հարցում՝ նախորդ խորհրդատվություններից ելնելով»,- հայտարարել է Թրյուդոն՝ հիշեցնելով, որ այդ խորհրդատվություններում նշվել էին քաղաքացիական հիմնարար ազատությունների սահմանափակումները և խնդիրները լուծելու ուղիները:
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով` իրենք դեռևս անհանգստացած են նրանով, որ Ադրբեջանում տիրում է քաղաքական սահմանափակումների մթնոլորտը:
Հայտարարության մեջ Պետքարտուղարությունը Բաքվին կոչ է անում, որպես միջազգային պարտավորությունների մաս, հարգել խաղաղ հավաքների, միավորումների ու անկախ ձայնի, այդ թվում` մամուլի ազատությունը և համագործակցել ԺՀՄԻԳ-ի հետ:
«Ժողովրդավարութունը, ազատությունը և պլյուրալիզմն Ադրբեջանում շարունակում են բախվել լուրջ խոչընդոտների: Այս երկրում խորհրդարանական ընտրությունների չափանիշները վստահություն չեն ներշնչում», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:
Չնայած այս գնահատականներին, մի շարք խախտումներին և ոչ մրցակցային ընտրությունների անցկացման փաստին, ինչպես նաև Ադրբեջան-Եվրոպա հարաբերությունների լարվածությանը՝ եվրոպական կառույցներից ոմանք դրական են գնահատել ընտրությունների ընթացքը: Այսպես, ԵԽԽՎ դիտորդական առաքելությունն ընտրությունները գնահատել է որպես «մեկ քայլ առաջ». «Անտեսելով որոշ թերություններ՝ ընտրողների ակտիվության աճը և քվեարկության ու քվեները հաշվելու ընթացքում թափանցիկությունը ցույց են տալիս, որ Ադրբեջանը ևս մեկ քայլ առաջ է գնացել դեպի ազատ, արդար և ժողովրդավարական ընտրություններ»: ԵԽ դիտորդական առաքելության անդամները եկել են այն եզրակացության, որ «ընտրությունների արդյունքներն արտահայտում են ժողովրդի կամքը»:
Եվրոպական կառույցի այս բավական մեղմ դիրքորոշումն առաջին հերթին պայմանավորված էր նրանով, որ Ադրբեջանը բավական լայն աջակցություն է վայելում ԵԽԽՎ պատգամավորներից ոմանց շրջանում՝ հաշվի առնելով նաև այդ աջակցության համար վճարվող գինը։ Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանը, լինելով ոչ ժողովրդավարական երկիր, շարունակում է Եվրոպայի համար մնալ էներգակիրների կարևոր այլընտրանք: Ռուսաստան-Արևմուտք հարաբերութունների լարվածության համատեքստում Եվրոպայի էներգետիկ քաղաքականության առաջնայնությունը ոլորտի դիվերսիֆիկացումն է՝ ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու համար: Ուստի Եվրոպայում վերջին շրջանում բավական ինտենսիվացել են Ադրբեջանի իշխանությունների հասցեին հնչող քննադատությունն ու մեղադրանքները, միաժամանակ քայլեր են ձեռնարկվում կամուրջները չայրելու և համագործակցության եզրերը չկորցնելու համար։