Կենտրոնական Ասիայի երկրներ կատարած այցի ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին աջակցություն է հայտնել Դոնբասին հատուկ կարգավիճակ տրամադրելու պահանջին:
Աստանայում «Мир» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին, մասնավորապես ընդգծել է Մինսկի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը: «Ձեռք բերված համաձայնություններին հավատարիմ մնալու համար որոշակի գործողություններ են պահանջվում կողմերից՝ աշխարհազորայիններից, Ռուսաստանից և Կիևից: Ծանր զինատեսակները պետք է հետ քաշվեն, և միջազգային սահմանները պետք է մնան անձեռնմխելի», - նշել է պետքարտուղարը: Քերին նաև կոչ է արել ուկրաինական իշխանություններին Դոնեցկին և Լուգանսկին հատուկ կարգավիճակ տրամադրել՝ միաժամանակ ընդգծելով, որ ընտրությունները Դոնեցկում և Լուգանսկում պետք է անցնեն ուկրաինական օրենսդրության համապատասխան՝ միջազգային դիտորդների ներկայացվածությամբ: «Այս ամենը կատարելուց հետո պատժամիջոցները կհանվեն: Միայն այդ ժամանակ մենք կարող ենք վերադառնալ հարաբերությունների, որոնք, հույս ունեմ, օգուտ կբերեն ուկրաինացիներին և կնվազեցնեն վերջին մի քանի տարիներին առկա լարվածությունը», - նշել է Քերին:
ԱՄՆ-ի պետքարտուղարի այս հայտարարությունը թերևս վերահաստատում է Վաշինգտոնի կողմից բազմիցս հնչեցրած ուկրաինական ճգնաժամի հաղթահարման մոտեցումը: Սակայն պաշտոնական Վաշինգտոնը մինչ այս Մինսկի պայմանավորվածություններն իրականացնելու և քաղաքական կարգավորմանը չխաթարելու կոչերով դիմում էր գլխավորապես Մոսկվային և «նրա աջակությունը վայելող» աշխարհազորայիններին: Դոնբասին հատուկ կարգավիճակ տրամադրելու՝ Ուկրաինական իշխանություններին ուղղված կոչը վկայում է այն մասին, որ Վաշինգտոնում որոշել են հաստատակամություն դրսևորել ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում:
Նշենք, որ ճգնաժամի կարգավորման հարցում կողմերը դեռևս չեն կարողանում համաձայնության գալ Մինսկի համաձայնագրերի քաղաքական մասի կատարման շուրջ: Մինսկի համաձայնագրերով նախատեսված էր սահմանադրական փոփոխություններ կատարել Ուկրաինայում իշխանությունն ապակենտրոնացնելու համար և Դոնբասին սահմանադրությամբ ամրագրված հատուկ կարգավիճակ տրամադրել: Սակայն Կիևում չեն շտապում Դոնբասին հատուկ կարգավիճակ տրամադրել, ինչը, բնականաբար, լուրջ մտահոգություն է առաջացնում Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների մոտ և խոչընդոտում քաղաքական կարգավորման գործընթացը: