Հայաստանը կարևորում է էլ ավելի կառուցողական և փոխհամագործակցված աշխատանքների իրականացումը ԵՄ հետ: Հայկական կողմը Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության ուղղությունների վերաբերյալ նոր առաջարկներ ունի։ Այսօր Երևանում մեկնարկած ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 16-րդ նիստի ժամանակ նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Ճշմարիտյանի փոխանցմամբ՝ նիստի ընթացքում կողմերը կքննարկեն ՀՀ-ԵՄ համագործակցության ապագա համաձայնագրին, ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերություններին և երկրների տնտեսական զարգացումներին առնչվող հարցեր:
Օրակարգում ներառված կլինեն նաև արդարադատության, ազատության և անվտանգության, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցության հարցերը: «Հայաստանի բոլոր գերատեսչությունները մտադիր են առանձին առաջարկները ներկայացնել եվրոպական կողմին, մասնավորապես՝ գյուղատնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և կապի ոլորտների վերաբերյալ», - նշել է նախարարը՝ հավելելով, որ էկոնոմիկայի նախարարությունն առանձնակի ուշադրություն է հատկացում նորարարության ոլորտում համագործակցությանը և փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցությանը։ «Մոտ ժամանակներս «Հորիզոն 2020» համաձայնագրի շրջանակում տեղի կունենա Հայաստանի և ԵՄ-ի միջև «Կոսմե» համաձայնագրի ստորագրումը», - նշել է Ճշմարիտյանը։ Նախարարն ընդգծել է, որ «Հորիզոն 2020»-ը կարող է Հայաստանում նորարարական համակարգի հետագա զարգացման լրջագույն ռեսուրս դառնալ։
Հայաստան-ԵՄ համագործակցության կոմիտեի նիստին կքննարկվեն նաև Երևանի և Անկարայի հարաբերությունները։ Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը, կքննարկվի նաև Ղարաբաղյան հարցը։ «Մեզ շատ են անհանգստացնում սահմանային շրջաններում տեղի ունեցող միջադեպերը։ Մենք ուզում ենք, որ խաղաղություն հաստատվի», - ընդգծել է եվրոպացի պաշտոնյան։
Հանձնաժողովի նիստից առաջ Վիգանդը ևս մեկ անգամ նշել է, որ Եվրամիությունը հարգում է Հայաստանի ընտրությունը և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու նրա որոշումը՝ ընդգծելով, որ կողմերի միջև համագործակցությունը՝ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության հետ մեկտեղ, շարունակում է ամրապնդվել։ «Եվրամիությունն առևտրի և ներդրումների առումով դեռևս Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է։ ԵՄ-ն նաև ֆինանսական օգնություն է ցուցաբերում Հայաստանին բարեփոխումներ անցկացնելու համար», - նշել է Վիգանդը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների գագաթաժողովի ժամանակ Եվրահանձնաժողովին Հայաստանի հետ նոր փաստաթուղթ ստորագրելու շուրջ բանակցությունների մանդատ տրամադրվեց։ Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և համագործակցության համաձայնագրին: