2016 թվականին Հայաստանը Եվրամիությունից ընդհանուր առմամբ 37 միլիոն եվրոյի դրամաշնորհ կստանա, որից 24 միլիոն եվրոն նախատեսված է որպես բյուջետային աջակցություն: Այդ մասին նոյեմբերի 5-ին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը Եվրոպական ինտեգրման և ֆինանսավարկային ու բյուջետային մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016-ի պետբյուջեի քննարկման ժամանակ:
Պավել Սաֆարյանը հավելել է, որ կառավարությունը կորոշի, թե ինչպես ծախսել գումարը, 13 միլիոն եվրոն կուղղվեն կոնկրետ ծրագրերի. «13 միլիոն եվրոն նպատակային դրամաշնորհներ են, ի տարբերություն բյուջետային աջակցության դրամաշնորհի, սրանք տրվում են կոնկրետ նպատակներով, այսինքն՝ այլ ուղղությամբ սա հնարավոր չէ օգտագործել»,- պարզաբանել է Սաֆարյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: