ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դժգոհություն է հայտնել այն կապացությամբ, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը՝ ԵԽԽՎ-ն, և միջազգային կազմակերպությունները չեն խորհրդակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Ղարաբաղի վերաբերյալ բանաձև ընդունելուց առաջ։ Ինչպես նշում է Tert.am-ը՝ այդ մասին ամերիկացի համանախագահը գրել է Twitter-ի իր էջում:
«ԵԽԽՎ-ն և մյուս միջազգային կազմակերպությունները պետք է խորհրդակցեն ԵԱՀԿ (Մինսկի խմբի) համանախագահների հետ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցներ կամ բանաձևեր հրապարակելուց առաջ»,- գրել է Ուորլիքը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովն ընդունել և լիագումար նիստ է տեղափոխել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայկական զեկույցը։